Իշխանությունները պետական օրենքներն օգտագործում են՝ ամրապնդելու «լագերային» ռեժիմը. ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյան (տեսանյութ)
Պահեստազորի փոխգնդապետ, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն այսօր տեղի ունեցած ազատամարտիկների հերթական հանրահավաքին իր ելույթում ասաց, որ Հայաստանը ոչ թե մի երկիր է, այլ համակենտրոնացման ճամբար: Իսկ Հայաստանի իշխանությունները պետական օրենքներն օգտագործում են, որպեսզի ամրապնդեն այդ «լագերային» ռեժիմը:
«Հերթական անգամ երկարաձգվեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի կալանքը: Եվ ահա կոնցլագերի տերերը որոշեցին նրան փակել՝ կանգնեցնելով բողոքի ալիքը: Մյուս ցայտուն օրինակը Վարդան Պետրոսյանի դեպքն է: Ողբերգություն է, ի՞նչ խոսք, սակայն ի՞նչ կարիք կար կալանավորելու նրան. արդյո՞ք նա այն մարդն էր, որ պետք է փախչեր: Բայց նա այն մարդն է, որն ուշ թե շուտ պետք է պատժվեր Րաֆֆի Հովհաննիսյանին այս հարթակից սատարելու համար»,-ասաց ազատամարտիկը:
Նրա խոսքով՝ վերջին ցնցող դեպքը Արարատի ընտրություններն էին. «Կոնցլագերային ռեժիմի թիմը հաղթել է այնտեղ, մրցակցությունը եղել է ձևական, ԲՀԿ-ի թեկնածուն ստացել է այնքան ձայն, որքան պետք էր ընտրությունները լիգիտիմացնելու համար»:
Վերջում խոսքն ուղղելով ժողովրդին՝ Խաչիկ Ավետիսյանն ասաց. «Սիրելի՛ ժողովուրդ, կոնցլագերներն անցյալ դարի արատավոր բեռ են, որն անթույլատրելի է բարդել մեր և մեր երեխաների ուսերին: Ներկա լագերային ռեժիմը անախրոնիզմ է, այն անհարիր է 21-րդ դարի միտումներին և հայ ժողովրդի շահերին ու մղումներին: Այն պիտի անցնի պատմության գիրկը մեր անմիջական մասնակցությամբ: Իշխանությունն այլընտրանք չունի: Առաջ դեպի հաղթանակ»:










