Հրթիռակոծություններ Դամասկոսի և Հալեպի հայաշատ թաղամասերում. Հալեպի Վիլլաներ թաղամասում 5 հայ վիրավորվել է
Բերիո թեմի «Բերիո լուրերի» Facebook-յան էջը տեղեկություն է հրապարակել, համաձայն որի երեկ երեկոյան Հալեպի հայաշատ Վիլլաներ թաղամասը ենթարկվել է ծանր հրթիռակոծության։
Դրա հետևանքով գրանցված վիրավորների թվում եղել են 5 հայեր։ Հայտնի են նրանց անունները. Հակոբ Դավոյան, Հարութ Բազարբաշյան, Րաֆֆի Բերբերյան, Ճորճ Գևորգ, Տիգրան Մանուկյան։
Վիրավորներն անմիջապես տեղափոխվել են Հալեպի համալսարանի հիվանդանոց։
Իրավիճակը լարված է եղել նաև Դամասկոսի հայաշատ թաղամասերում։
Ինչպես տեղեկացնում է լիբանանյան «Ազդակ» օրաթերթի Դամասկոսի թղթակիցը, երեկ ականանետների թիրախում են հայտնվել Քասսա, Բաբ Թումա, Բաբ Շարքի, Զապլաթանի, Դուելաա թաղամասերը, որտեղ գտնվում են խանութներ, դպրոցներ ու եկեղեցիներ։
Վտանգավոր իրավիճակի պատճառով այդ թաղամասերի վարժարանները որոշվել է 4 օրով փակել։ Ծնողները պահանջում են փակել դպրոցներն այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը չի հանդարտվել։
Բաբ Թումա թաղամասում հրթիռը հարվածել է Հայ կաթողիկե ճեմարանին՝ նյութական վնասներ հասցնելով։ Ճեմարանը փակ է եղել նախորդ օրը Թարգմանչաց վարժարանում տեղի ունեցած տխուր միջադեպի պատճառով, որի հետևանքով երկու հայ երեխաներ էին զոհվել։
Նույն թաղամասում ականի պայթյունից վիրավորվել է հայ երիտասարդ, որը տեղափոխվել է հիվանդանոց։










