Միասեռականության մեջ կասկածվող աբեղան կաթողիկոսին խնդրել է դադարեցնել իր գործունեությունը (տեսանյութ)
Լուսանկարը՝ aravot.am-ի
Մայր Աթոռ Սբ Էջմիածնից հայր Հակոբ աբեղա Գրիգորյանը (աջից առաջինը), այսօր կայացած ասուլիսին արձագանքելով իր հասցեին լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե ինքը միասեռական է՝ հայտարարեց, որ երեկվա հրապարակումներն իրեն շոկի մեջ են գցել, ապա ավելացրեց, որ արդեն դիմել է կաթողիկոսին՝ խնդրելով դադարեցնել իր գործունեությունը:
Նա նաև նշեց, որ հրապարակված լուսանկարները, որում պատկերված են ինքը և մի երիտասարդ, իր անձնական արխիվից ուղղակի անհետացել են, ինչ-որ մեկը գողացել է, և ինքը չգիտի, թե ով:
Հակոբ աբեղա Գրիգորյանը միայն վկայեց, որ նկարներում պատկերված տղան իր մորաքրոջ տղան է: Նա այդ ամենի մեջ մեղադրեց թատերագետ Լևոն Մութաֆյանին, ըստ հոգևորականի, հավանաբար, իր դեմ մաղձ ունի:
«Դա հատկապես նրանից հետո էր, որ ինքը իր հրապարակումներում անդրադարձավ բանակին: Եվ ես մի հոդվածով հանդես եկա, որտեղ ընդամենն ասացի, որ մեկը, ով բանակի դեմ այդ թունավորվածությամբ է խոսում, կարելի է համեմատել այն մարդկանց հետ, ովքեր թուրքի ջրաղացին ջուր լցնող են: Ես Արման Գրիգորյան՝ իմ աշխարհիկ անունով եմ հանդես եկել»,- ասաց նա։
«Դրանից հետո Մութաֆյանը սկսեց իմ դեմ հանդես գալ և ինձ մեղադրել մի բանի մեջ, որը եկեղացական համբավի մեջ համարվում է չարյաց գագաթ՝ առանց հիմնավոր փաստերի: Ինքը ուղղակի վրեժ է լուծում իմ հրապարակման պատճառով: Գուցե, ինքն էլ ինչ-որ մեկի կողմից է օգտագործվում»,- ասաց նա։
«Իմ մորաքույրները Հայաստանում են բնակվում, և այդ երիտասարդը իմ մորաքույրներից մեկի տղան է»,- ասաց նա՝ առանց մանրամասնելու տղայի մասին որևէ տվյալ:
Իսկ դիտարկմանը, որ ինքը լուսանկարում կերակրում է տղային, հայր Հակոբը այսպես արձագանքեց. «Որևէ մեկը ընտանեկան նեղ շրջանակում չի կարո՞ղ կերակրել: Դա նորմալ է»: Աբեղան նաև նշեց, որ դիմելու է Ոստիկանությանը:
Ասուլիսին ներկա Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հարությույունյանն իր հերթին ասաց, որ իրենք ոչ թե ասել են թե, հայր Հակոբը միասեռական է, այլ որ նման պնդում կա:
«Ես ոչինչ չունեմ հայր Հակոբի դեմ, մենք հրապարակել ենք լուսանկարները՝ թողնելով հանրության դատին: Եթե այդ նկարում պատկերված է նրա եղբայրը, ես ներողություն եմ խնդրում»,– ասաց նա:










