Վարդան Պետրոսյանի հիվանդության պատմության մեջ նշված է, որ նա ոգելից է օգտագործած եղել. Հակոբյանների փաստաբան
Եղվարդ–Երևան ավտոճանապարհին հոկտեմբերի 20-ին դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի տուժող կողմ Հակոբյանների փաստաբան Մարատ Գինոսյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Պետրոսյանի մերձավորների գրությանը և հրապարակված փաստաթղթին, որ նա սթափ է եղել, նշում է, որ Վարդան Պետրոսյանի հիվանդության պատմության մեջ նշված է, որ նա ոգելից է օգտագործած եղել և վրայից խմիչքի հոտ է եկել:
- Պարոն Գինոսյան, Վարդան Պետրոսյանն ինքը հայտարարեց, որ խմած չի վարել ավտոմեքենան, նաև նրա փաստաբանն ու կողմնակիցները հրապարակեցին փաստաթուղթ, որ նա ալկոհոլ օգտագործած չի եղել:
- Անմիջապես դեպքից հետո կատարվել է, ոչ թե փորձաքննություն այլ պրիմիտիվ՝ փչելու եղանակով սթափության ստուգում, կազմվել է արձանագրություն, բայց մենք ունենք նաև Վարդան Պետրոսյանի վերաբերյալ փորձաքննության եզրակացություն, երբ նա բժշկական փորձաքննության է ենթարկվել և եզրակացության մեջ արձանագրվել է հետևյալը. որ երբ դեպքից հետո Վարդան Պետրոսյանին բերել են բժշկական կենտրոն և նա հետազոտվել է, հիվանդության պատմություն է կոչվում չէ՞, դրա մեջ գրի է առել հետևյալը, որ նա գտնվել է ոգելից խմիչք օգտագործած վիճակում և որ վրայից խմիչքի հոտ է գալիս: Եվ այդ գրությունը փորձագետը արձանագրել է: Հիմա, թե ի՞նչ մեթոդով են ստուգել չեմ կարող ասել:
- Բայց չէ՞ որ այդ պրիմիտիվ՝ փչելու սարքով Ճանապարհային ոստիկանությունը տարիներ շարունակ տասնյակ մարդկանց է սթափությունն է որոշել: Այսինքն՝ Դուք կասկածի տա՞կ եք դնում այդ սարքի/ մեթոդի ճշգրտությունը:
- Այո՛, այդ գրությանը ծանոթանալուց հետո կասկածի տակ եմ դնում, ինչո՞ւ չէ:
- Իսկ երկու մեքենաների բախման պահին Վարդան Պետրոսյանի մեքենայի արագության մասին եզրակացություն կա՞ և ի՞նչ կասեք այդ մասին: Ի՞նչ արագությամբ է նա ընթացել:
- Դա ստույգ չի որոշվել, նախաքննական մարմնի կողմից տրված ելակետային տվյալներից որոշվել է, որ եթե մեքենան կանգնած է, ստատիկ վիճակում է, ապա արագությունը կլիներ 70 և ավելի: Եթե ընթացքի ժամանակ է եղել բախումը, ապա ավելի քիչ: Բայց դա որոշիչ չէ: Ես արդեն ուսումնասիրել եմ մեքենաների վնասվածքները և թե ինչպե՞ս է Վարդան Պետրոսյանի մեքենան ուղղակի մխրճվել «Նիվայի» մեջ, ես արդեն հասկանում եմ, թե ինչ արագություն է եղել:
- Բայց չէ՞ որ, ըստ նյութերի՝ Հակոբյանների մեքենան կանգնած է եղել, ի՞նչ ընթացքի մասին է խոսքը:
- Դա ոչ թե հաստատված փաստ է, այլ քննիչը փորձագետին ուղղակի նման հարց է տվել, նա պատասխանել է:
- Իսկ ինչպե՞ս եք գնահատում, որ Վարդան Պետրոսյանի փաստաբանը հայտարարեց, որ մենք էլ վարկած ունենք, որ Հակոբյանների կողմից ևս խախտում է եղել:
- Լավ, ի՞նչ խախտման մասին է խոսքը, ուզում եմ հասկանալ, եթե մեքենան կանգնած է եղել երթևեկելի գոտուց դուրս:
-Էդ դեպքում, ինչ եք կարծում՝ ինչո՞ւ է նման վարկած շրջանառվում և, մյուս կողմից, էլ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը գրում է, որ մի քանի օրից պարզ կդառնա, որ շատ պրիմիտիվ պատմություն է և որ շատերը կափսոսան իրենց հայտարարությունների համար:
- Դա իր, ոնց բացատրեմ՝ տակտիկան է, մարտավարությունը:
- Իսկ Հակոբյանների ընտանիքն ինչպե՞ս է արձագանքում Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու պահանջով ստորագրահավաքին:
- Նախ, տուժող կողմը գտնվում է շատ սթրեսային վիճակում և լրատվամիջոցների, հասարակության տարբեր շերտերի կարծիքները, տեսակետները, մեկնաբանություններն իրենց վրա շատ վատ են անդրադառնում: Ես ուզում եմ ասել, կոչով հանդես գալ, որ, եկե՛ք, զերծ մնանք, հա՞, էդ բոլորից, թողենք բնական հունով քննությունը շարունակվի: Դա լարվածություն է առաջացնում, դա ձեռնտու չէ ո՛չ տուժող կողմին, ո՛չ Վարդան Պետրոսյանին:
- Վարդան Պետրոսյանը հայտարարեց, որ ինքը ոչ մի րոպե չի խուսափի պատասխանատվությունից, և եթե իրեն տասը տարի է «հասնում», կկրի իր պատիժը, սակայն նա դեմ է իր կալանավորման ընթացակարգերին, որոնք ինքը և փաստաբանը ապօրինի են համարում՝ դուրս Քրեական դատավարության օրենսգրքի նորմերից: Եվ նաև կա այն հարցը, որ դերասանն առողջանա, նոր ներգրավվի քննչական գործողությունների մեջ: Նախ, Դուք ևս համարո՞ւմ եք, որ նրան կալանավորելու հիմքեր չկային:
- Իմ կարծիքն այն է, որ խափանման միջոց կիրառելիս, այո՛, նախաքննական մարմինը հիմքեր ունեցել է, որ ներկայացրել է կալանքի խափանման միջոց: Ես այդ հիմքերը տեսնում եմ, նաև դատարանը ինքնանպատակ չի որոշում կայացրել խափանման միջոց կալանավորման մասին:
- Դե դատարանը, ըստ փորձագետների, կայացնում է այն որոշումը, ինչի՞ մասին միջնորդություն է ներկայացնում քննիչը:
- Ոչ, ես այդպես չէի ասի:
- Լավ, զոհված երիտասարդների հարազատները, մինչև դատարանում կապացուցվի Վարդան Պետրոսյանի անմեղությունը կամ մեղավորությունը, ցանկանո՞ւմ են նրան այս փուլում՝ հիմա տեսնել ճաղերի հետևում: Ի վերջո, ինչպե՞ս են գնահատում Վարդան Պետրոսյանի՝ իրենց ուղղված ուղերձները, ցավակցության խոսքերը:
- Հակոբյանների ընտանիքը, այսպես ասեմ, թշնամաբար տրամադրված չէ Վարդան Պետրոսյանի նկատմամբ, դա այդպես չի, ոնց որ կարող են ուրիշները ներկայացնել:Նրանց ցանկությունն է, որ եթե մեղավոր է, պետք է պատժվի և կրի իր պատիժը: Ի վերջո, իրենց էլ պետք է հասկանալ, Վարդան Պետրոսյանը երկու երեխաներ ի կորստյան պատճառ է հանդիսացել չէ՞:
- Իսկ նախագահ Սերժ Սարգսյանի անունից արված հայտարարությունը, որ կալանավորման խափանման միջոցի ընտրությունը, առհասարակ, պետք է վերանայվի, չե՞ք դիտում իբրև նախաքննության մարմնի ու հետագայում նաև դատարանի վրա ճնշում գործադրելու փորձ:
- Իմ կարծիքն այն է այդ հարցում, որ նախագահը ոչ թե կոնկրետ Վարդան Պետրոսյանի պահով է, նրա գործի հետ կապված է այդ հանձնարարականը տվել, այլ ընդհանուր՝ վերանայել խափանման միջոցի օրենքը:










