Մաքքարթնին նամակ է գրել Պուտինին` Greenpeace-ի ակտիվիստների հարցով

11:54 • 14.11.13

Բրիտանացի հռչակավոր երաժիշտ Փոլ Մաքքարթնին նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` Greenpeace բնապահպանական կազմակերպության ձերբակալված ակտիվիստների հարցով, հայտնում է Lenta.ru-ն:

 

Մաքքարթնին հույս է հայտնում, թե Պուտինը դեմ չի լինի, որ ինքը բարձրացնում է այս հարցը: Նամակում նա բացատրում է, որ Greenpeace-ը հակառուսական կազմակերպություն չէ, իսկ ակտիվիստները բացարձակապես խաղաղ մարդիկ են: Չնայած դրան՝ «նրանք պարբերաբար գրգռում են մեկ այս, մեկ այն երկրի կառավարությանը»:

 

Մաքքարթնին հարցնում է` միթե չկա խնդրի այնպիսի լուծում, որն օգտակար կլինի բոլորին: Նա Պուտինին խնդրում է օգտագործել իր ազդեցությունը (նշելով, որ գիտի` ռուսական դատարաններն ու ՌԴ նախագահն իրարից անկախ են գործում), որպեսզի 28 ակտիվիստները կարողանան իրենց ընտանիքներ վերադառնալ:

 

Սեպտեմբերի վերջին նշված ակտիվիստները և երկու լրագրող ձերբակալվել էին Պեչորի ծովում ռուսական նավթապլատֆորմի վրա գրոհելու համար: