Հայաստանը կդիմի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի գրասենյակ՝ ֆինանսական միջոցներ ստանալու համար
Հայաստանը ֆինանսական միջոցներ ստանալու նպատակով կրկին կդիմի Վաշինգտոնում գտնվող «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի գրասենյակ: Այսօր Կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, որ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին այս հարցով համապատասխան հանձնարարություն տվեց:
Տիգրան Սարգսյանը նշեց, որ Վաշինգտոնը դրական է գնահատել Հայաստանում «Հազարամյակի մարտահրավերների» շրջանակում իրականացված ծրագրի արդյուքները և այն գնահատել որպես արդյունավետ։
«Բոլոր նպատակները ի կատար են ածվել, և մենք ունենք հնարավորություն դիմելու հազարամյակների մարտահրավերների ծրագրին: Դիմելու նախապայմանը այն ցուցանիշներն էին, որոնք հրապարակվում էին տարվա ընթացքում, և մենք պետք է ունենայինք դրական ցուցանիշներ»,– ասաց նա:
«Հայաստանը բոլոր երեք հիմնական չափանիշներով ստացել է դրական գնահատական: Մեր հիմնական թույլ կողմը համարվում էր կոռուպցիոն ռիսկերը և այսօր այդ ոլորտում ևս արձանագրվել են դրական տեղաշարժեր»,- ավելացրեց վարչապետը։
Տիգրան Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ ֆինանսական միջոցներ ստանալու հավանականությունը այնքան էլ մեծ չէ, որովհետև դիմող երկրների թիվը մեծ է:
«Մրցակցությունը սուր է լինելու ֆինանսական միջոցներից օգտվելու համար: Բայց մենք պարտավոր ենք այդ միջոցներից օգտվել»,- ասաց վարչապետը:










