Հրաչ Մուրադյանի սպանության գործով 8 ամիս կալանավորված Արայիկ Պետրոսյանը պատանդ է պահվում. պաշտպաններ

12:02 • 14.11.13

ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի պաշտպանները՝ Նորայր Նորիկյանը և Գիվի Հովհաննիսյանն այսօր ասուլիս էին հրավիրել՝ հայտարարելու, թե նման կերպ գործի քննությունն իրենց մտահոգում է, քանի որ իրենց պաշտպանյալին ուղղակի պատանդ են պահում՝ առանց որևէ մեղադրական հիմքի։

 

«Այսպես որ շարունակվի նախաքնությունը վաղ թե ուշ մտնելու է փակուղի, քանի որ հնարավոր չէ մեկին մեղադրել՝ առանց հիմնավորման, ինչից էլ լուրջ կասկած ունենք, որ Արայիկ Պետրոսյանը պահվում է պատանդ՝ մեզ համար անհասկանալի պատճառով։ Արդեն վեցերորդ անգամ նախաքննության մարմինը նույն պատճառաբանությամբ հանդես է գալիս կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությամբ, ինչը դատարանը բավարարում է»,-ասաց Նորայր Նորիկյանը։

 

Պաշտպանը նկատեց, թե 8 ամիս է՝ Արայիկ Պետրոսյանը կալանքի տակ է գտնվում և տեղեկացրեց, որ երեկ հերթական խափանման միջոցի որոշումն է եղել, որ կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնեն, և Արայիկ Պետրոսյանը Կենտրոնից ՔԿՀ-ից տեղափոխվել է Նուբարաշեն։

 

«8 ամիս ապօրինաբար մարդուն օրենքի շաբլոն ձևակերպումներով անազատության մեջ եք պահում, ո՞վ է պատասխանատու, հարգելի՛ գլխավոր դատախազ, նրան առանց հիմնավորման պահելու համար։ Նույն փաստարկներն են բերում, թե կատարվում են այս կամ այն քննչական գործողությունները, վկաներ կան հարցաքննվելու, իսկ դա ինչ կապ ունի մեր պաշտպանյալի հետ, և արդյո՞ք մի ողջամիտ փաստ կա, որ չի ներկայացվում։ Միայն այն բանի համար, որ Արայիկ Պետրոսյան է, և որ նա ունի սպիտակ գույնի Նիվա մակնիշի մեքենա»,-ասաց նա։

 

Փաստաբանը նշեց, որ ձախողվել է օբյեկտիվ քննության և իրական մեղավորներին բացահայտելու գործընթացը, և նախաքննությունը մտել է փակուղի։ Նա տեղեկացրեց, որ գլխավոր դատախազին նամակ են ուղղել, բոլոր մտահոգություները հայտնել և խնդրել հանդիպում։

 

Մյուս պաշտպանյալ Գիվի Հովհաննիսյանը զարմացած է, քանի որ այսպես վկաներ հարցաքննելու պատճառաբանությամբ իրենց պաշտպանյալը կալանավորված կմնա և եթե նման ձևակերպումներով գնալ, կարող են ամբողջ բնակչությանը միջնորդել հարցաքննության ու այդպես տարիներ տևի։

 

Գիվի Հովհաննիսյանը նշեց նաև, որ թեև Նիվան է պատճառ հանդիսանում գործի հիմքում, բայց մեքենայի պետհամարանիշը սկսել է երեք թվով, իսկ իրենց պաշտպանյալի մեքենան երկու թվով է սկսում։ «Ակնհայտ անմեղ մարդու մասին է խոսքը, հասկացանք սպանություն է, որոշակի ժամանակ պահեցիք, հիմա էլի երկարացնելը, այն էլ երկու ամսով, ի՞նչ նպատակ է հետապնդում»,-ասաց նա։

 

Ինչ վերաբերվում է Հրաչ Մուրադյանի ընտանիքին, ապա փաստաբանները նշեցին, որ նրանք էլ վստահ են, որ Արայիկ Պետրոսյանը չէ սպանության հեղինակը, որովհետև նրանց միջև հարաբերություները լավ են եղել։