ԱՄՆ-ն կոչ է արել Արևելյան Եվրոպային հաղթահարել «հին ատելությունները»

10:14 • 14.11.13

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան կոչ է արել Արևելյան Եվրոպայի ժողովուրդներին մի կողմ դնել «հին ատելություններն ու դժգոհությունները» և աշխատել բոլորի համար հաշտեցման և ժողովրդավարության ուղղությամբ, հաղորդում է Agence France-Presse-ը:

 

Եվրոպայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական դառնալուց հետո իր առաջին հանրային ելույթի ժամանակ Վիկտորյա Նուլանդը զգուշացրել է նաև, որ որոշ հետխորհրդային երկրներում կոռուպցիան քայքայում է կառավարությունների հանդեպ վստահությունը:

 

Նա անդրադարձել է նաև Եվրամիության հետ պատմական համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ Ուկրաինայի հեռանկարներին հասցված մեծ հարվածին, երբ խորհրդարանը համաձայնության չեկավ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին ազատ արձակելու հնարավորություն տվող օրինագծի շուրջ:

 

Ինչպես ասել է Նուլանդը, Վիլնյուսում գագաթնաժողովից երկու շաբաթ առաջ Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան կանգնած են պատմական պահի առաջ: Երեք պետություններն էլ առաջընթաց են գրանցել իրավունքի և ժողովրդավարության հարցերում՝ աշխատելով Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրեր ստորագրելու ուղղությամբ:

 

«ԱՄՆ-ն ողջունում է այս ազգերի եվրոպական ընտրությունը և ցանկանում է բոլորին տեսնել Եվրոպական ընտանիքում»,- շեշտել է նա:

 

Նուլանդն իր մտահոգություններն է հայտնել առ այն, որ Ուկրաինան կարող է «խորտակել» իր հնարավորությունները՝ հատկապես Տիմոշենկոյի ազատ արձակումը մերժելու պատճառով:

 

«Մենք միանում ենք Եվրամիությանը և կոչ ենք անում Ուկրաինայի առաջնորդներին անել ճիշտ և պատմական ընտրություն իրենց 45 մլն քաղաքացիների համար»,- ասել է նա: