Օբամայի պահակախմբի երկու աշխատակից հեռացվել է՝ անվայելուչ պահվածքի համար
ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարությունը նախագահ Բարաք Օբամայի պահակախմբից հեռացրել է երկու աշխատակիցների՝ անվայելուչ պահվածքի պատճառով, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Washington Post-ին:
Ծառայությունից ժամանակավորապես հեռացվել է Իգնասիո Սամորա-կրտսերը և Թիմոթի Բարաքլոուն: Սամորայի դեմ բողոքել է Վաշինգտոնի Hay-Adams հյուրանոցի ղեկավարությունը:
Պարզվում է՝ 2013 թվականի մայիսին նա փորձել է ներխուժել հյուրանոցի սենյակներից մեկը, որտեղ մնում էր մի կին, որի հետ նա անցկացրել էր նախկին գիշերը: Հետաքննության համաձայն՝ Սամորան այդ սենյակում էր թողել իր ատրճանակի փամփուշտը, իսկ երբ վերադարձել է փամփուշտի ետևից, կինը հրաժարվել է նրան ներս թողնել:
Թերթը գրում է, որ նա կնոջ հետ ծանոթացել է բարում: Նշվում է, որ ծանոթության պահին նա ծառայության մեջ չի եղել:
Բացի այդ, պարզվել է, որ Սամորան սեքսուալ բնույթի նամակներ է ուղարկել իր ստորադասներից մեկին: Նույն դժգոհություններն են եղել նաև մյուս աշխատակից Բարաքլոուի նկատմամբ:










