Պենտագոնը հրաժարվել է գնել ռուսական ուղղաթիռներ

09:46 • 14.11.13

ԱՄՆ ռազմական գերատեսչությունը որոշել է դադարեցնել Ми-17 ուղղաթիռների գնումը ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» պետական ընկերությունից, տեղեկացնում է Лента.ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով։

 

Գործակալության տվյալներով՝ Պենտագոնի որոշումն առնչվում է 345 մլն դոլար ընդհանուր ծավալով 15 ռուսական ուղղաթիռների գնման որոշմանը:

 

Նախարարությունից տեղեկացրել են, որ Կոնգրեսն ու ռազմական գերատեսչությունը քննարկել են նման գնման ֆինանսավորման հարցը 2014թ.-ի բյուջեով, այն դեպքում, երբ կոնգրեսականները բազմիցս դեմ են արտահայտվել Պենտագոնի և «Ռոսօբորոնէքսպորտ»-ի համագործակցությանը։

 

Այն մասին, որ Պենտագոնը մտադիր է լրացուցիչ 15 ռուսական ուղղաթիռ գնել՝ Աֆղանստանում ռազմական գործողություններին մասնակցելու համար, հայտնի էր դարձել 2013թ.-ի մայիսին։ Հուլիսի վերջին Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովը դեմ էր արտահայտվել գնման համար միջոցների տրամադրմանը։

Համաձայն Reuters-ի տվյալների՝ Պենտագոնում 2013թ.-ի նոյեմբերին վերջնականապես որոշել են հրաժարվել այդ պայմանագրից։

 

Պենտագոնի և «Ռոսօբորոնէքսպորտ»-ի միջև առևտրային հարաբերությունները բազմիցս քննադատության են ենթարկվել ԱՄՆ Կոնգրեսի անդամների կողմից։