Սիրիայի ընդդիմությունը դատապարտել է «քուրդ անջատողականների» կողմից ինքնավարություն ստեղծելու փորձերը

09:03 • 14.11.13

Ստամբուլում գործող Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան խիստ քննադատել է Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական քաղաքացիական վարչակազմի ստեղծումը. տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։


Չորեքշաբթի տարածված հայտարարության մեջ, նշվում է, որ Արևմտյան Քուրդիստանի ինքնավար իշխանության
ստեղծումը «անջատողական ակտ է՝ ուղղված սիրիական հեղափոխության դեմ»։


Կոալիցիան Քրդական ժողովրդավարական միությանը, որը հանդես էր եկել Սիրիայի քրդական շրջաններում ինքնակառավարման մարմիններ ստեղծելու նախաձեռնությամբ, անվանել է «թշնամական ուժ, որը սատարում է Բաշար ալ-Ասադի ռեժիմին։


Փաստաթղթում նշվում է, որ քրդական ինքնապաշտպանության ուժերը, որոնք կռվում են ծայրահեղական խմբավորումների և Սիրիական ազատ բանակի դեմ, «գործում են ի վնաս սիրիացի ժողովրդի շահերի»։


Սիրիական Քամըշլի քաղաքում երեքշաբթի օրը հայտարարվել է ինքնավար մարմինների ստեղծման մասին, այն շրջաններում, որոնք հիմնականում քրդաբնակ են և գտնվում են Թուրքիայի և Իրաքի սահմանին։