Ասադի զորքերը կարևոր նվաճումներ են ունեցել Դամասկոսում և Հալեպում
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին հավատարիմ ուժերն արձանագրել են մի շարք լուրջ հաջողություններ. մասնավորապես՝ նրանք հետ են գրավել Դամասկոսի Հուջայրա արվարձանը և Հալեպի հյուսիսային հատվածը՝ Թալ Հասելը, հայտնում է Al Arabiya-ն։
Սիրիական պետական հեռուստատեսությունն ու լիբանանյան «Ալ Մանար» հեռուստաալիքը հեռարձակել են կառավարական ուժերի առաջխաղացման օպերացիայից մի քանի կադրեր, որոնցում երևում է, ինչպես են զինվորները Հուջայրայից դուրս հանում ընդդիմադիրներին և սեփական վերահսկողության տակ առնում ռմբակոծված տարածքները։
«Դամասկոսի հարավային շրջանները, որոնք 1 տարուց ավելի եղել են ընդդիմադիրների վերահսկողության տակ, մեկը մյուսի հետևից ընկնում են»,- Reuters գործակալությունը մեջբերում է ակտիվիստներից մեկին։
Հայտնի է, որ կառավարական բանակի առաջխաղացման հարցում լուրջ դերակատարում ունեն նաև տեղացիները, ովքեր համագործակցում են Ասադի զորքերի հետ, քանի որ ընդդիմադիրների վերաբերմունքը շատ դաժան է։










