Հետխորհրդային այլ երկրներում պատերազմի վետերանները ստանում են 100-200%-ով ավելի փոխհատուցում

11:41 • 14.11.13

Ղրղզստանում վետերանները ստանում են մոտ 150, Ռուսաստանում՝ 80-90, Ուկրաինայում՝ 70 ամերիկյան դոլարին համարժեք դրամի չափով փոխհատուցում, ինչը, Հայաստանի ազատամարտիկներին տրվող փոխհատուցումների հետ համեմատած, մի քանի անգամ ավել է. այսօր նրանք ստանում են մոտ 13 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ կամ 5000 դրամ: 

 

Տվյալները ներկայացրեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, «Աֆղանական պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Մխիթարյանը, ով 2014 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ հարց հնչեցրեց այն մասին, որ ազատամարտիկների կողմից ստացվող 5000-ական դրամները գոնե դարձվեն 7000 դրամ, իսկ տարեցտարի ավելանան 1000-ական դրամով:

 

Նշենք, որ սա այն գումարն է, որը պետությունը տարիներ առաջ սկսեց դրամական հատկացման ձևով տրամադրել ազատամարտիկներին՝ նրանց կոմունալ՝ հոսանքի, գազի, ջրի ծախսերը նախկինում 50 տոկոսով վճարելու արտոնության փոխարեն:

 

«Տրասնպորտից էին օգտվում անվճար, շատ բաներից, վերջը էդ ամեն ինչը փոխհատուցում են 5000 դրամով, ինչը բավականին քիչ է՝ համատարած էս թանկացումների ֆոնին և մյուս հանրապետությունների հետ համեմատած: Սա մենակ ֆեդերալ բյուջեները, բայց տեղական բյուջեներն էլ են տալիս»,- Tert.am-ին ասաց Արմեն Մխիթարյանը:

 

Նշենք, որ արցախյան պատերազմի հաշմանդամները ստանում են մոտ 8000 դրամ և օգտվում են պետպատվերից, սակայն ըստ Արմեն Մխիթարյանի՝ շատերն էլ չունեն հաշմանդամության կարգ, բայց մշտական բուժման ու դեղորայքի կարիք ունեն:

 

«Շատերը հիվանդ են, տարիքները արդեն առնում են՝ մեծանում են տարեցտարի, և էդ հիվանդություններն ի հայտ են գալիս»,-ասաց նա:


Արմեն Մխիթարյանի խոսքով՝ նախկինում արցախյան ազատամարտիկների ցուցակները բավականին ուռճացված էին, հետագայում կատարվեցին վերահաշվարկներ, սակայն կոնկրետ թվին պատգամավորն այս պահին չի տիրապետում:

 

Նշենք, որ վերջին շրջանում պատգամավորները շատ են խոսում դրսում՝ արտաքին քաղաքական ոլորտում լոբբինգ իրականացնելու համար հատկացվող «ողորմելի» գումարներից, որոնք նախատեսվում են իրենց ներկայուցչական ծախսերի ու գործուղումների համար: Ոմանք անգամ նշում են, թե չեն կարողանում մեկ հուշանվեր, կոնյակ գնել ու նվիրել որևէ եվրոպացի պատգամավորի կամ դա անում են իրենց անձնական գրպաններից:

 

Ի պատասխան հարցի, թե արդարացվա՞ծ և բարոյակա՞ն է համարում այս մոտեցումը հողը պաշտպանած մարդկանց ծանրագույն սոցիալական վիճակի ֆոնին, հանրապետական պատգամավորն ասաց. «Երկուսն էլ կարևոր են, էսօր մենք քաղաքական դաշտում ենք պատերազմ տալիս, արտաքին քաղաքական, մենք Արցախյան պատերազմում հաղթել ենք, հաղթանակը մերն է, բայց արտաքին քաղաքականության մեջ դեռ պատերազմի մեջ ենք: Էդ ծախսերն էլ են շատ կարևոր: Ադրբեջանը այսօր հարյուրավոր, միլիոնավոր դոլարներ է դնում արտաքին քաղաքական լոբբինգի համար՝ տարբեր կառույցներում՝ եվրոպական, ամերիկյան, ռուսական, ասիական, իսլամական, մուսուլմանական»:

 

Արմեն Մխիթարյանը մի քանի անգամ ներկա է եղել ազատամարտիկների բողոքի ակցիաներին, բայց դեմ է ազատամարտիկների «նման տիպի» ակցիաներին, քանի որ կարծում է, որ դրանք օգուտ չեն բերելու:

 
Լուսանկարը՝  aravot.am-ի