Wikileaks-ին հասանելի է դարձել Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերության պայմանագիրը
Wikileaks կազմակերպությունը պնդում է, որ իր աշխատակիցների ձեռքում է հայտնվել մտավոր սեփականության մասին պայմանագրի սևագիրը, որը մոտ ժամանակներս պետք է ստորագրեին ապագա Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերության անդամ երկրները: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ այս մասին հաղորդվում է կայքի մամլո հաղորդագրության մեջ:
Որպես ապացույց Wikileaks-ն իր կայքում տեղադրել է համապատասխան փաստաթուղթը, որի 95 էջում մանրամասն նկարագրվում է ապրանքային նշանների, համացանցային դոմենների անունների գրանցման և պաշտպանության ձևերը, ինչպես նաև՝ դրանք խախտելու դեպքում նախատեսված պատիժները:
Ըստ կազմակերպության ներկայացուցիչների՝ նրանք ստացել են ոչ միայն այս փաստաթղթի սևագիրը, այլ նաև՝ տեղեկացել են, թե ինչ տարաձայնություններ են առաջացել այս փաստաթղթի վերաբերյալ:










