Գերմանիայի նախկին նախագահը դատարանի առաջ կկանգնի «լավության» համար
Գերմանիայի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆը դատարանի առաջ կկանգնի պաշտոնավարման ընթացքում «լավություն» անելու համար, հայտնում է BBC-ն։
Նա, մասնավորապես, մեղադրվում է 2008-ին ոմն կինոպրոդյուսերի լոբբինգն անելու համար, ինչի դիմաց պրոդյուսերը փակել է հյուրանոցի նրա հաշիվը. գերմանական ընկերությունները պետք է սատարեին նրա գործին: Մեղադրանք է ներկայացվել նաև պրոդյուսերին` Դեյվիդ Գրոունուլդին:
54-ամյա Վուլֆը հերքում է մեղադրանքները և վճռական է վերականգնել իր բարի համբավը:
Ավելի վաղ դատարանը ցանկանում էր նախկին նախագահին դատել կոռուպցիայի համար, սակայն այժմ մեղադրանքը մեղմվել է. նրան սպառնում է 3 տարվա ազատազրկում կամ տուգանք:
Այս պատմությունը բարդացել էր նրանով, որ գործարարների հետ Վուլֆի կապերը ժամանակին նրա հրաժարականի պատճառ էին դարձել` հայտնվելով մամուլում: Իսկ Վուլֆը սպառնացել էր Bild հեղինակավոր թերթի խմբագրին, որպեսզի դրանք չհրապարակվեն, ինչը ֆիքսվել էր ձայնագրությամբ:










