Մերձմոսկովյան շրջանում ձերբակալել են Դեդ Հասանի «ընտանիքի» անդամի
Ռուս իրավապահները Մոսկվայի մարզում ձերբակալել են կահույքի գործարանի տիրոջ, որը կապ ունի երկրի «քրեական հեղինակությունների» հետ։ Նրա մոտից հայտնաբերել են Կալաշնիկով ինքնաձիգ, փամփուշտներ և հերոին, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ ՌԴ ՆԳՆ-ին հղումով։
«Աշխատասենյակում գտնվող չհրկիզվող պահարանի խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է ինքնաձիգ՝ 30 փամփուշտներով։ Բազկաթոռին հայտնաբերվել է բաց մոխրագույն փոշի՝ 60 գրամ ծավալով, որը, ինչպես հետագայում է պարզվել, թմրանյութ է՝ հերոին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ձերբակալվածը, որն Ադրբեջանի 41-ամյա քաղաքացի է, ստորագրությամբ ազատ է արձակվել։
Օպերատիվ տվյալներով՝ նա «օրենքով գողեր» «Օնիկի» և «Վալերա Թբիլիսկու» ազգականն է, որոնք իրենց հերթին քրեական կապեր ունեն Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի «ընտանիքի» հետ։
Սակայն Regnum գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ-ին, հայտնում է, որ ձերբակալվածն ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի է։










