Finnair-ը չեղյալ է հայտարարել ավելի քան 100 չվերթ՝ ուղեկցորդուհիների հնարավոր գործադուլի պատճառով
Ֆիննական Finnair ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել ավելի քան 100 չվերթ՝ հնարավոր գործադուլի պատճառով, որը կարող է սկսվել այսօր, հաղորդում է rbc.ru-ն: Արդեն այսօր մեկնելու հնարավորությունից կարող է զրկվել մոտ 10.500 ուղևոր:
Finnair-ի ղեկավարության և ուղեկցորդուհիների արհմիության ու ավիացիոն ոլորտի աշխատակիցների միջև վեճի պատճառ է դարձել աշխատավարձը կրճատելու գործատուների պահանջը: Finnair-ն ավելի վաղ հայտնել էր, որ մտադիր է ծախսերը կրճատել մոտ 60 մլն եվրոյով։
Արհմիությունների ներկայացուցիչները սպառնում են դադարեցնել իրենց աշխատանքը մինչև նոյեմբերի 23-ը, եթե կողմերին չհաջողվի համաձայնության գալ գործատուների հետ:
Այնուամենայնիվ, ընկերությունում նշել են, որ նոյեմբերի 15-ից մինչև 23-ն ընկած ժամանակահատվածում չեն կարող երաշխավորել ուղևորների անխափան տեղափոխումը և խորհուրդ են տվել հաճախորդներին տեղափոխել թռիչքն ավելի ուշ օրերի:










