ՀՀԿ-ն պետք է ինքալուծարվի. ազատամարտիկները կլոր սեղան-քննարկում անցկացրին
Ազատամարտիկների ռազմադաշտային խորհուրդն այսօր հերթական կլոր սեղան-քննարկումն անցկացրեց ՀՀ քաղաքական ուժերի հետ՝ «երկրի խնդիրների լուծումները գտնելու նպատակով»:
Չշրջանցելով կուտակային կենսաթոշակների համակարգի վերաբերյալ Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի տապալման թեման՝ Ազատամարտիկների ռազմադաշտային խորհրդի նախագահ Սուրեն Սարգսյանը հայտարարեց, որ ազատամարտիկները դուրս են եկել պայքարի, որ այլևս ոչ մի շարժման մեջք չկոտրվի. «Այսօր բոլորս տեսանք, որ ՀՀԿ-ի բոլոր անդամները ղզիկների պես փախան, սա խայտառակություն է, այդ կուսակցությունը պետք է ինքնալուծարվի»:
Նրա խոսքով՝ իշխող կուսակցությունը խոչընդոտում է Հայաստանի պետական կառավարմանը: «Մենք դուրս ենք եկել, որ քայլ անենք: Դեկտեմբերի տասին գնում ենք ցույցի, հանրահավաքի` հայտարարություն անելու նպատակով: Իսկ չորեքշաբթի արտահերթ հավաքում կուսակցությունները կհստակեցնեն իրենց դիրքորոշումները»,-ասաց նա:
Ազատամարտիկների համոզմամբ՝ պետք է մաքուր էջից սկսել երկիրը կարգավորելու գործընթացը, պետք է համատեղ հայտարարությամբ հանդես գալ և չշեղվել նպատակից:
Կլոր սեղան քննարկումը վարեց ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը: «Ժողովուրդն ուզում է քայլ տեսնել, նա արդեն բավական լսել է, հիմա ուզում է տեսնել` ինչ են անում կուսակցությունները, հավատացնում եմ ձեզ, առայժմ միայն խոսքն են լսում, գուցե դուք բարձրանաք ու ասեք, որ քայլ անելուց առաջ անհրաժեշտ է շատ խոսել, եթե դուք համոզեցիք, մարդիկ կհավատան, բայց հենց այնպես մարդկանց հավաքել ու միայն խոսել... ժողովուրդը դրանով չի բավարարվում»,-ասաց նա:
Վերջինիս կարծիքով՝ դա է պատճառը, որ հավատը նոսրանում է. «Ես շատ ներողություն եմ խնդրում, բայց ազատամարտիկների հմայքը սկսում է խամրել: Մենք ուրիշ կերպ էինք նայում, ժողովրդի վրա ուրիշ տպավորություն էր թողնում ազատամարտիկը, որ դեմ դուրս է եկել, իսկ հիմա դա սկսում է նմանվել մեր նախորդ հավաքներին. հավաքվում են, խոսում են, մարդիկ տեղ չունեն գնալու, հետաքրքիր էլ չի, գալիս են, մի մասը էդպես, մի մասը գուցե շահագրգիռ, չգիտեմ, բայց քայլ եմ ուզում: Հետո նկատի ունեցեք, պետք է հետևի մեկ ուրիշ, ավելի մեծ քայլ»:
ՀԱԿ-ի ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանն էլ ասաց, որ պետք է այդ հավաքներին մասնակցեն կուսակցությունների այն ներկայացուցիչները, որոնք տեղյակ են խնդրից, ցանկալի է՝ միշտ նույն մարդը լինի:Եվ հարկավոր է գալ ընդհանուր հայտարարի, նոր անցնել կոնկրետ գործողությունների:
«Հայաստանում ստեղծված է մի իրավիճակ, որն այլևս հանդուրժել չի լինի, մեր խնդիրն է համախմբել, կոնսոլիդացնել բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակության ամբողջությանը, որպեսզի կարողանանք միասնաբար հանդես գալ և լուծել մեր գլխավոր խնդիրը»,-ասաց նա:










