Ազատության հրապարակում մեկնարկել է ստորագրահավաք՝ ընդդեմ գազի գնի թանկացման (լուսանկարներ)

20:08 • 15.11.13

Ազատության հրապարակում «Եկե՛ք կանխենք գազի թանկացումը» նախաձեռնությունը ստորագրահավաք է անցկացնում՝ գազի գնի թանկացման դեմ: Tert.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Արամ Գրիգորյանը նշեց, որ երբ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 7-ին ընդունեց «անօրինական որոշում Հայաստանում գազի և էլէկտրաէներգիայի սակագների անհիմն թանկացման վերաբերյալ», իրենք օգոստոսին դիմեցին վարչական դատարան որոշումը վիճարկելու համար:

 

«Հանձնաժողովը դատարանին դիմեց դատավարական ընթացքը փակ անցկացնելու համար: Սա անօրինական պահանջ է, քանի որ այդ հանձնաժողովը պետք է պաշտպանի հանրության շահը և գործի միայն թափանցիկ: Երբ մենք դիմեցինք դատարան՝ 5 հոգու ստորագրությամբ էր և իրենք ասացին, որ դա հանրության շահը չի ներկայացնում, այլ մի քանի հոգու, հիմա մենք հակառակն ենք փորձում ապացուցել»,-ասաց նա:

 

Արամ Գրիգորյանն ընդգծեց, որ այսօր Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը ցանկացած որոշում ընդունելիս պետք է լսի հանրությանը, սակայն ենթարկվում է քաղաքական իրավիճակներին, կատարում է քաղաքական պատվերներ:

 

Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Անդրիաս Ղուկասյանը, պատասխանելով Tert.am-ի հարցին, թե որքան ստորագրություն է անհրաժեշտ հավաքել, որպեսզի դատարանը դատական գործը բաց իրականացնի, նա պատասխանեց. «Օրենքը սահմանում է, որ եթե դատավորը ունի համոզմունք, որ այս հարցը հանրային հնչեղության է, ապա իրենք իրավասու են բանավոր ընթացակարգով քննել այդ գործը։ Այստեղ ստորագրությունների քանակը չի կարևոր, այլ հարցի էությունը։

 

Հայաստանում գազի՝ 500.000  և էլեկտրաէներգիայի 700 000 սպառող կա: Այսինքն՝ նման հարցը չի կարող չլինել հանրային նշաակության և չհուզել ամբողջ հասարակությանը։ Ուղղակի մարդիկ հոգնել են բողոքելուց, ընդվզումից և նրանից, որ բան չի փոխվում»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը։

 

Այնուամենայնիվ նա նշեց, որ մի քանի հազար ստորագրությունը կարող է վկայել և՛ իշխանությունների, և՛ դատարանի համար, որ հարցն ունի հանրային նշանակություն։ Անդրիաս Ղուկասյանն ընդգծեց, որ դատարանի որոշումը՝ դատական ընթացքը փակ անցկացելու, իրավաչափ չէ:

 

«Գտնում եմ, որ սակագների բարձրացման խնդիրը եղել է քաղաքական կարևորագույն հարց, որի շուրջ բոլոր քաղաքական կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները արտահայտվել են: Մեր նախաձեռնության անդամները որոշեցին դիմել հանրությանը և ստեղծել այն իրավական հիմքը, որով դատարանին կարող ենք ցույց տալ, որ հարցը հանրությանը հուզում է, և որ ունի հանրային հնչեղություն»,-ասաց նա։

 

Նշենք, որ ստորագրահավաքը կշարունակվի շուրջ մեկ շաբաթ: Վաղն այն կանցկացվի սկսած ժամը 12-ից, իսկ մարզերում կմեկնարկի երկուշաբթիից: