ԱՄՆ-ն պատրաստ է փոխհատուցում տրամադրել Իրանին՝ պատժամիջոցների վնասը մեղմելու համար
ԱՄՆ իշխանությունները պատրաստ են Իրանին մի շարք տնտեսական փոխհատուցման միջոցներ տրամադրել, որոնք Թեհրանին հնարավորություն կտան վերադարձնել մինչև 10 մլրդ դոլար, որոնք Իրանը կորցրել է նրա դեմ գործող պատժամիջոցների պատճառով, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ ամերիկյան լրատվական Daily Beast կայքին հղումով։
Պարբերականը՝ ԱՄՆ ղեկավարության աղբյուրների հղումով, տեղեկացնում է, որ նման առաջարկություն հնչել է Ժնևում Իրանի և միջնորդ «վեցյակի» միջև կայացած բանակցությունների ընթացքում։
Մասնավորապես, խոսքն Իրանին նավթի և այլ ապրանքների արտահանումն արտոնելու մասին է։
Ավելի վաղ ելույթ ունենալով Կոնգրեսում՝ Պենտագոնի նախկին ներկայացուցիչ և ԱՄՆ-Իրան հարաբերությունների հարցերով փորձագետ Քոլին Քելը հաղորդել էր, որ պատժամիջոցների մեղմացման շնորհիվ Իրանն ընդհանուր առմամբ 6-7 մլրդ դոլարից ավելի եկամուտ չի ունենա։
Իրանի համար դա փոքր գումար է՝ այն կորուստների համեմատ, որը կրում է երկիրը միջազգային մեկուսացման պայմաններում պատժամիջոցների պատճառով։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ ԱՄՆ Կոնգրեսին կոչ էր արել նոր պատժամիջոցներ չկիրառել Իրանի դեմ։ Օբաման նշել էր, որ հնարավոր մեղմացումներն Իրանի հանդեպ խիստ չափավոր կլինեն և հիմնական սահմանափակումներն ուժի մեջ կմնան։










