Եթե այս գումարը չեն կարողանում ստիպողաբար հավաքել, 2014թ. բյուջեն տապալվում է. Արամ Մանուկյանը՝ կուտակային համակարգի մասին

13:15 • 15.11.13

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ ճեպազրույցներին եկավ ԱԺ «Հանրապետական» կուսակցության բոյկոտած «Կուտակային կենսաթոշակների» մասին արտահերթ նիստից, որը հրավիրվել էր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և ընդդիմադիր երեք խմբակցությունների պատգամավորների ստորագրություններով։

 

«Հանրապետականի տեղը մաք-մաքուր է, Հովիկ Աբրահամյանը կարդաց իրենց որոշումը բոյկոտելու մասին։ Դա սպասելի էր, բայց ինձ համար ուրախալի է, քանի որ դրսում հավաքվել են բազմաթիվ երիտասարդներ»,-ասաց Արամ Մանուկյանը։ Ըստ նրա, եթե 3 ժամում քվորում չհավաքվեց, նիստը կհայտարարվի տապալված։

 

«Այսպես էլ սպասվում էր, քանի որ եթե այս օրենքի նախագիծը եկող տարի գնար, բյուջեն քանդվում էր, ամբողջ բյուջեի տրամաբանությունը կառուցված է հենց այս օրենքի վրա նաև։ Այսինքն, եթե այս գումարը չեն կարողանում ստիպողաբար հավաքել, ապա բյուջեի ամբողջ քաղաքականությունը քանդվում է»,-ասաց նա։ Արամ Մանուկյանն այս օրենքը համարում է ոտնձգություն Սահմանադրության, մարդու իրավունքների, կամավորության սկզբունքի դեմ։

 

Նա մեջբերեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերը, թե այս օրենքով մարդը 30 տարի հետո ապահով ծերություն է ունենալու։ Ընդիմադիր պատգամավորը հարցրեց. «Իսկ եթե ես չեմ ուզում, իսկ եթե ես մտադրվել եմ գնալ Հայաստանից։ Ոչ ոք իրավունք չունի իմ տեղը որոշել, ես ուզու՞մ եմ թոշակ ստանալ, ինչքա՞ն ստանալ»։

 

Ըստ նրա, այս աննորմալ որոշման դեմ պետք է ժողովուրդն ըմբոստանա:

 

Հիշեցնենք, որ «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարումների» նախաձեռնությունն այսօր Ազգային ժողովի մոտ բողոքի հանրահավաք և երթ է անցկացնում, որին մասնակցում են բավական մեծ թվով դժգոհ քաղաքացիներ: