ՀՀԿ-ն որոշել էր չբոյկոտել «Կուտակային կենսաթոշակների» մասին հարցով արտահերթը, բայց դեմ է դրա բովանդակային քննարկմանը
ԱԺ «Հանրապետական» խմբակցությունն այսօր բոյկոտեց «Կուտակային կենսաթոշակների» մասին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և ընդդիմադիր երեք խմբակցությունների պատգամավորների ստորագրություններով հրավիրված արտահերթ նիստը: Խմբակցության ներկայացուցիչները մտափոխվել են, որովհետև հասկացել են, որ ընդդիմադիրներն ուզում են օրենքը նորից «զրոյից» քննարկել:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան հարցի, թե ո՞րն էր պատճառը, որ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնել էր, որ «այս պահին» նիստը բոյկոտելու քաղաքական որոշում չկա, սակայն հետո այն կայացվեց:
«Մեր վերաբերմունքը դրական էր, եթե դա վերաբերում էր օրենքի կիրարկման ժամկետներին: Բայց մենք հասկացանք, որ նրանք ուզում են օրենքը «զրոյից»՝ բովանդակային քննարկել: Այն դեպքում, որ օրենքը տասը տարի է՝ քննարկվել է և մեկ ամիս հետո արդեն պետք է գործարկվի, և մեզանից շատերը գտնում են, որ նման քննարկումների կարիք չկա»,-ասաց Գալուստ Սահակյանը՝ ընդգծելով, որ խմբակցությունը պատրաստ էր քննարկել օրենքը 1 տարով հետաձգելու հարցը:
Հիշեցնենք, որ «Կուտակային կենսաթոշակների» մասին ՀՀ օրենքը ուժի մեջ է մտնում 2014թ. հունվարի 1-ին:










