«Հաց և տեսարաններ», շուտով տեսարաններն այլևս չեն հետաքրքրելու, այլ միայն՝ հացը. Կարեն Քոչարյան

16:16 • 15.11.13

Tert.am-ի հետ զրույցում PR տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանն անդրադառնալով հարցին, թե Հայաստանում բողոքի ամենօրյա ընդվզումները «հաց և տեսարաններ» շարքի՞ց են և ինչ-որ ծրագիր մաս, ասում է. «Չգիտեմ՝ իշխանակա՞ն են, թե ոչ իշխանական, բայց գալիս է մի ժամանակ, երբ տեսարանը կարող է այլևս ոչ մեկին չհետաքրքրել, որովհետև մարդկանց կոնկրետ հաց է պետք: Եթե Դուք հիմա ինձ չհարցնեք, այլ փորձեք հարցնել շուու բիզնեսի ներկայացուցիչներին, կտեսնեք, թե ինչքան են իրենք բողոքում, տրտնջում, թե առաջ ինչքան համերգներ էին ունենում, հիմա՝ ինչքան, որովհետև հիմա ոչ ոք համերգի չի գնում»:



-Պարոն Քոչարյան, երբ ուկրաինական լրատվամիջոցները հրապարակեցին, որ КГБ-ական «դոսյե» է դրվել Ուկրաինայի նախագահի առաջ, հավանական է համարվում, ոչ միայն Ուկրաինայի կողմից ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը մեկ տարով հետաձգվելը, այլև առհասարակ չստորագրելը: Նշենք, որ սա ակնհայտորեն դուր է գալիս ՀՀ իշխող մեծամասնությանը, ովքեր ոչ պաշտոնական զրույցներում նշում են, որ, տեսե՛ք, Ուկրաինայի նման մեծ երկիրը չի կարողանում դիմագրավել Ռուսաստանին:

 

- Ես արդեն առիթ ունեցել եմ այդ մասին արտահայտվելու Facebook-ում՝ գրելով, որ հայերից շատ շատերը ուրախացել են. կա այսպիսի մի ասացվածք, որ ընկերովի մահը հարսանիք է:

 

-Այսինքն՝ սա կրկին հայկական բարոյական հաղթանակների շարքից է: Փաստորեն, եթե մեզ պարտադրել են, լավ է, որ ուրիշին էլ են պարտադրում:

 

-Դե, արդեն Դուք եք այդպես մեկնաբանում: Ես ասում եմ՝ ընկերովի մահը հարսանիք է: Իսկ եթե ավելի լուրջ արտահայտվեմ, ապա կարծում եմ, որ ամեն ինչ ունի իր գինը, ու էդ գինը ով վճարում է, նա էլ որոշում է: Ես կարծում եմ, որ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ուկրաինային Եվրոպան չի պատրաստվում վճարել: Ուկրաինայի ողջ առևտրաշրջանառության մոտ 85 տոկոսը Ռուսաստանի հետ է, ուրեմն երբ Ռուսաստանը վերջին շրջանում փակեց իր սահմանը, էնտեղ ամեն ինչ պարզապես սկսեց կանգնել:

 

-Այսինքն՝ Ուկրաինայի դեպքում տնտեսական գործոնն է, Հայաստանի դեպքում՝ անվտանգությանը:

 

-Հայաստանի դեպքում ոչ միայն անվտանգության, այլ նույն տնտեսական գործոնն է, որովհետև, եթե նկատել եք, շատ էր խոսվում Եվրոպայից ու տարբեր կառույցներ ֆինանսական միջոցներ բերելու մասին, և անընդհատ այցեր էին կատարվում՝ Եվրոպա: ՀԲ՞, թե՞ ԱՄՀ գնաց միջազգային մի մեծ պատվիրակություն, ու միշտ ձեռնունայն հետ վերադարձան: Այսինքն՝ ոչ ոք փող չխոստացավ ու չտվեց:

 

-ՌԴ նախագահ Վ. Պուտինը մի քանի անգամ հետաձգված այցերից հետո (ճիշտ է՝ մերոնք ասում են, որ նրա՝ ավելի վաղ այցելությունների մասին որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել, հետևաբար, դրանք հետաձգված չեն), այնուամենայնիվ, երկար տարիներ անց Պուտինը Հայաստանում է լինելու: Ի՞նչ կարելի է սպասել այդ այցից:

 

-Ինչ վերաբերում է հետաձգվածին, ինքներդ նշեցիք, որ ոչ մի պաշտոնական հայտարարություն չի եղել, ես չգիտեմ, այս այցի մասին եղե՞լ է, թե ոչ, բայց սպասվում է: Կարծում եմ՝ կլինեն հայտարարություններ Մաքսային միության հետ համագործակցության խորացման հետ կապված և մեկ էլ կարծում եմ, որ պետք է լուծվի այսպես... հավասարակշռության հարց. Պուտինը գնացել է Բաքու, պետք է գա նաև Երևան: Նաև այնտեղ վաճառել էր «Սմերչ», այստեղ բերում է, այսինքն՝լինելու է հավասարակշռություն, այդ թվում՝ անվտանգության համատեքստում:

 

-«Ի՞նչ, որտե՞ղ, երբ» խաղի ավագներից Արմեն Աշոտյանը վերջերս լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանում կան հակառուսական տրամադրություններ:

 

-Ես չգիտեմ՝ ինչ է ասել պարոն Աշոտյանը, բայց իհարկե կան, բայց ես կարծում եմ, որ հակարևմտյանը ոչ պակաս է, եթե ոչ ավելի շատ: Կա մի հատված, որը հակառուսական է, կա մի հատված՝ հակաարևմտյան, մի հատված կա, որ պրոռուսական է, այսինքն՝ հակաարևմտյան չի, բայց պրոռուսական է: Դա ՀՀ բնակչության ամենամեծ հատվածն է, օբյեկտիվ առումով ամենամեծն է, և դա այն հատվածն է, որի հարազատները խոպանում են և այնտեղից փող են ուղարկում, որ այստեղ ապրեն: Եվ ամենացավալին այն է, որ ամենաքիչ հատվածը պրոհայկականն է:

 

-Ամեն օր, երբեմն նույնիսկ օրը երկու անգամ բողոքի ակցիաներ են տեղի ունենում. մի օր ազատամարտիկներ, մի օր՝ ակտիվիստներ:

 

-Մի օր կարմիր գլխարկները, մի օր՝ դեղին գլխարկները...

 

-Այո, շատ ճիշտ նկարագրեցիք: Գոյություն ունի նաև կարծիք, որ այս ընդվզումները , որոնք գոլորշի են բաց թողնում, տեղավորվում են իշխանության ծրագրերի մեջ, այդ թվում նաև ծրագրի, որը կոչվում է «հաց և տեսարաններ»: Համամիտ ե՞ք և եթե այո, ապա միայն տեսարանները բավարա՞ր են, թե՞, այնուամենայնիվ, պետք է հաց:

 

- Ես չգիտեմ՝ իշխանական են, թե ոչ իշխանական, բայց ես մի բան գիտեմ, որ գալիս է մի ժամանակ, երբ տեսարանը կարող է այլևս ոչ մեկին չհետաքրքրել, որովհետև մարդկանց կոնկրետ հաց է պետք: Եթե Դուք հիմա ինձ չհարցնեք, այլ փորձեք հարցնել շուու բիզնեսի ներկայացուցիչներին, կտեսնեք, թե ինչքան են իրենք բողոքում, տրտնջում, թե առաջ ինչքան համերգներ էին ունենում, հիմա՝ ինչքան, որովհետև հիմա ոչ ոք համերգի չի գնում: Մարդիկ շատ բաներով էին ավելի հետաքրքրվում, այսօր ավելի շատ ապատիա է կամ ինչպես ասում են՝ գաղջ մթնոլորտ, բայց դա նաև գալիս է նրանից, որ մարդիկ պարզապես ժամանակ չունեն այլ հարցերով զբաղվելու, որովհետև խնդիր ունեն օրվա հաց հայթայթելու: