Սիրիացի 600 ապստամբ հանձնվել է կառավարական զորքերին

17:38 • 15.11.13

Սիրիայում ավելի քան 600 զինյալներ վերջին 72 ժամվա ընթացքում հանձնվել են կառավարական զորքերին, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ «Սուրա ալ-Էն» գործակալությանը հղումով։

 

Զինյալների մեծ մասը հանձնել է զենքերը Դամասկոսում և Հոմսում, տեղեկացրել են Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունից։

 

Սիրիացի զինվորականները նշում են, որ հաջող մարտավարությունը մայրաքաղաքի հարավային արվարձաններում հանգեցրել է ցանկալի արդյունքի։
 

Բացի այդ, ուղղաթիռներից թղթիկներ են թափվում, որոնցում զինյալներին առաջարկվում է օգտվել նախագահի շնորհած համաներումից։


Ներկայում բանակային ստորաբաժանումները գործողություններ են սկսել Բաբիլլի և Իլդի բնակավայրերում, որոնք շարունակում են վերահսկվել զինյալների կողմից։ Զինվորականների վկայությամբ՝ ամենայն հավանականությամբ կհանձնվեն առանց դիմադրության։

 

Ալ-Քուսեյրում սիրիացի սահմանապահները փակել են վարձկանների մի քանի խմբերի ճանապարհը, որոնք փորձել են թափանցել Քալյամուն լեռնային շրջանը։

 

Մարտերը շարունակվել են նաև Հալեպի մերձակայքում։ Սիրիական կառավարական զորքերի զինվորներն այսօր ազատագրել են քրդերով բնակեցված Թելլ-Խասիլ քաղաքը։ Ոչնչացվել է իսլամիստական խմբավորումներից մեկի շտաբը։ Սիրիական օդուժի հարվածների հետևանքով ծանր վիրավորվել են մի քանի դաշտային հրամանատարներ, ոչնչացվել է 19 զինյալ։