Կորած խոսքերի հետքերով. Taraf-ի անդրադարձը հայերեն սովորող իսլամացած հայերին

15:00 • 15.11.13

Թուրքիայի Դիարբեքիր նահանգում իսլամացած հայերը վերադառնում են արմատներին և հայերեն սովորում։ Սուրի քաղաքապետարանի կողմից իրականացվող դասընթացների շնորհիվ տարվա ընթացքում 66 հայ իր լեզուն սովորելու հնարավորություն է ստացել։ Թուրքական Taraf կայքն անդրադարձել է իսլամացած հայերին։

 

Ես սուննի հայ եմ
 

«Այստեղ նստածներից գրեթե բոլորն իրենց հայկական ինքնության մասին ուշ են իմացել»,-պատմում է Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի ղեկավար Գաֆուր Թուրքայը. դասընթացին, տնային տնտեսուհիներից բացի, նաև սպաներ, բանվորներ, բժիշկներ են մասնակցել։

 

Գաֆուր Թուրքայը ևս մասնակցել է դասընթացին՝ իր երկու երեխաների հետ։

Նա պատմել է, որ իր հայրը հաջ է գնացել, և ինքը մեծացել է սուննի մահմեդականի ավանդույթներով։ Հայկական ազգանունն Օհանյան է եղել։ Հայկական ինքնությունը գիտակցել է 15 տարեկանում։ Ինքն իրեն բնութագրում է որպես «սուննի-մուսուլման-հայ»։
 

 

Երեխաներիս հետ եմ գալիս

 

Մայրենին սովորելու համար դասընթացի մասնակցող Թուրքայն ասել է, որ տարբեր պատճառներով հայերեն չի իմացել, սակայն միշտ երազել է։


Իր երկու երեխաներն էլ իր հետ դասընթացի են գալիս։ «Իմ երեխաներն էլ են հուզված մայրենին սովորելու առիթով։ Ես հայ եմ, և ցանկանում եմ իմ լեզվով, իմ սովորույթներով, իմ մշակույթով ապրել։ Դրա կարոտն եմ քաշում։ Երրորդ սերունդը լինելով՝ արմատներին վերադառնալը մեծ երջանկություն է»,-պատմել է նա։

 

Արդեն հայերեն եմ ստորագրում

 

Ֆըրաթը, ով չի ցանկացել նշել ազգանունը, ասում է, որ շատ հուզված է։ «Երկու տարի առաջ դասընթացի եմ մասնակցել։ Լեզու սովորելը հեշտ չէ։ Այլ այբուբենը դժվարացնում է գործը։ Այդ պատճառով սկզբում շատ դժվարացա։ Այժմ հայերեն եմ ստորագրում։ Երբ դասընթացը սկսվեց, շատ հուզված էի։ Ի վերջո՝ պապերիս լեզուն եմ սովորում։ Այնտեղ 7-70 տարեկան մարդիկ կան»,-պատմել է նա։