Հնարավոր է՝ Տիմոշենկոյին ազատ արձակեն արդեն հաջորդ շաբաթ. գերմանական պարբերական
Եվրոպացի քաղաքական գործիչների շրջանում ավելանում է հույսը, որ Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն կարող է բուժման նպատակով ազատ արձակվել արդեն հաջորդ շաբաթ։
Գերմանական Frankfurter Allgemeine Zeitung պարբերականի տվյալներով՝ Եվրոպական խորհրդարանի մոնիթորինգային առաքելության ներկայացուցիչ Փեթ Քոքսը և Ալեքսանդր Կվասնևսկին արդեն համապատասխան հավաստիացումներ են ստացել Ուկրաինայի նախագահի մերձավոր շրջապատից՝ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Կլուևից, փոխանցում է inopressa.ru-ն։
«Խորհրդարանը, որտեղ մեծամասնություն է նախագահ Յանուկովիչի կուսակցությունը, երեքշաբթի կարող է ընդունել օրենքը, որը թույլ կտա Տիմոշենկոյին բուժվել արտերկրում։ Նախագահն, իր հերթին, օրենքը կստորագրի արդեն հաջորդ շաբաթ»,-ասված է հոդվածում։
Ինչպես հայտնի է՝ Տիմոշենկոյի դրությունն անընդունելի է Եվրամիության համար՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախաշեմին։
Ուկրաինայի նախագահի՝ Մոսկվա կատարած անսպասելի այցն անցյալ շաբաթ մեկնաբանվեց այնպես, որ Եվրամիությունը կասկածում է Յանուկովիչի ցանկության վրա՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր կնքելու հարցում։
Ենթադրություններ կան, որ Ուկրաինայի առաջնորդը ձգում է Տիմոշենկոյին ազատ արձակելու գործընթացը՝ «զուգահեռաբար բանակցելով Ռուսաստանի հետ»։
Հեղինակը նշում է, որ Յանուկովիչը գուցե նաև վախենում է Մոսկվայի պատժամիջոցներից, որոնք կարող են նկատելիորեն կրճատել նրա հնարավորությունները 2015թ.-ին վերընտրվելու համար։
Օրեր առաջ Ուկրաինայի նախագահը հանդիպում էր ունեցել տեղական արտադրողների հետ, որի ընթացքում արդյունաբերողները պահանջել էին հետաձգել ասոցացումը ԵՄ-ի հետ, քանի որ Ռուսաստանի ձեռնարկած քայլերը կարող են խիստ հարվածել Ուկրաինային։










