Եթե Շանթը հոգեկան հիվանդ է, ուրեմն՝ հայ ժողովրդի 95 տոկոսն էլ է հոգեկան հիվանդ. Ա Բախշյան
Եթե Շանթ Հարությունյանը հոգեկան հիվանդ է, ուրեմն՝ մեր հասարակության 95 տոկոսն էլ հոգեկան հիվանդ է, և քանի որ 95 տոկոսին չեն կարողանում հոգեբուժարան տանել, որոշել են Շանթի´ն հոգեբուժարան տանել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, ով խիստ մտահոգված է ընդդիմադիր գործչի ճակատագրով:
«Այսինքն՝ եթե Շանթի ասածները հոգեկան հիվանդ մարդու ասածներ են և այդ պատճառով ուզում են նրան այդ կարգավիճակը տալ, ուրեմն՝ ասում եմ, որ մեր հասարակության 95 տոկոսը հոգեկան հիվանդ է: Թող դուրս գան, լսեն՝ փողոցներում մարդիկ ինչեր են խոսում: Միայն Շա´նթը չի ասում դա, ուղղակի՝ Շանթն այն համարձակ, գիժ-հայրենասեր տղան է, որն իր երկրի, պետականության նկատմամբ այնքան պատասխանատվություն ունի, որ ո´չ մի բանի առաջ կանգ չի առնում և ասում է՝ պետք է հեղափոխություն անել»:
Հիշեցնենք, որ այսօր «Հայկական ժամանակ»-ը տեղեկացրել էր, որ «Երևան –կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Շանթ Հարությունյանի նկատմամբ նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն, ինչն, ըստ թերթի, հնարավորություն կտա «Նոյեմբերի 5-ի» գործի դատավարությունն անցկացնել առանց Շանթի հրապարակային ելույթների:
«Ես կրկնում եմ՝ Շանթի նետած շշերը՝ պայթող, վառվող, մտովի շատ-շատ մարդիկ են նետում ամեն օր, ամեն վայրկյան՝ դեպի Բաղրամյան 26, Կառավարություն, քաղաքապետարան, Ազգային ժողով, հատկապես՝ երեկվա խայտառակությունից հետո»,-ասացԱնահիտ Բախշյանը:
Նա հավելեց, որ «ընդդիմադիրին հոգեկան հիվանդ հանելը սովետական, ԿԳԲ-ական գործելակերպ է», որի նպատակն է՝ թույլ չտալ, որ Շանթը խոսի տարբեր դատերի ժամանակ և հնարավորություն ունենա իր «բողոքն» այդ ընթացքում շարունակել:
«Դա հայտնի բան է, խորհրդային բոլոր դիսիդենտներին, բոլոր նրանց, ովքեր սիստեմի, ռեժիմի դեմ էին խոսում, պարզվում էր՝ հոգեկան հիվանդներ են, որոնց պետք է տանել հոգեբուժարաններ»,-ավելացրեց «Ժառանգության» անդամը:
Որպես ամփոփում՝ նա նշեց. «Այնպե˜ս է երևում, որ ուզում են մտնել Մաքսային միություն»:










