«Եկե՛ք կանխենք գազի գնի թանկացումը» նախաձեռնությանը միացել են ակտիվ քաղաքացիներ. ամեն ինչ կախված է հանրային ընկալումից
«Եկե՛ք կանխենք գազի գնի թանկացումը» նախաձեռնությունը ստորագրահավաք է կազմակերպել ու երեկ ամբողջ օրվա ընթացքում հավաքվել է 600-ից ավելի ստորագրություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը՝ ավելացնելով, որ մի շարք ակտիվ քաղաքացիներ իրենց վրա են վերցրել նախաձեռնությունը՝ խմբի հետ անհատապես աշխատելու համար. «Նրանք հասարակության շրջանում ստորագրություններ են հավաքում: Այս պահի դրությամբ տեղեկություն ունենք, որ ստորագրությունների թիվը հասնում է 1000-ի»:
«Ստորագրահավաքը շարունակվելու է, լինելու է նաև էլեկտրոնային ստորագրահավաք,-տեղեկացրեց Ա. Ղուկասյանը՝ հավելելով,- ամեն ինչ անելու ենք, որ հնարավորինս հանրային լինի այս նախաձեռնությունը: Փորձում ենք բոլորի համար հնարավորություն ստեղծել իրենց հարմար ձևով իրենց որոշումն ընդունելու համար»:
Ըստ Ա. Ղուկասյանի, երեկվա հավաքն անցել է նորմալ մթնոլորտում, քաղաքացիներն ակտիվ են եղել:
Հարցին, թե ինչ են կարծում, ինչ-որ արդյունքի կհասնե՞ն, նախաձեռնության անդամը պատասխանեց. «Դա կախված է հանրային ընկալումից: «Եկե՛ք կանխենք գազի թանկացումը» նախաձեռնությունն իր պարտականությունն է համարում իրազեկել քաղաքացիներին այսօրվա իրադրության վերաբերյալ, գործը գտնվում է դատարանում»:
Անդրիաս Ղուկասյանի համոզմամբ, հանրության մասնակցությունն ու դիրքորոշումը էական նշանակություն ունի թե՛ իրավական, թե՛ քաղաքական իմաստով:
«Մեր խնդիրն այն է, որ լրատվամիջոցների հետ կարողանանք այնպես անել, որպեսզի այս նախաձեռնությունը լայն տարածում ունենա, մարդիկ հասկանան ինչ դրություն է այս պահին, և ըստ այդմ էլ՝ իրենց գործողություններն անեն»,- ասաց նա։
Տեղեկացնենք, որ ստորագրահավաքը մեկնարկել է նոյեմբերի 15-ին և շարունակվելու է մոտ մեկ շաբաթ:










