Ա.Աշոտյանն առաջարկում է չքաղաքականացնել ռուս-հայկական կրթական համաձայնագրերը, որոնց ստորագրումը սարերի հետևում չէ

14:10 • 16.11.13

Tert.am-ի հետ զրույցում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը անդրադառնում է Հայաստանում ռուսականի գիմնազիայի բացման պատճառներին, ինչպես նաև կրթական ոլորտում ռուս-հայկական սպասվելիք համաձայնագրերին:

 

-Մոսկվայում հանդիպումներ եք ունեցել կրթության ոլորտի Ձեր գործընկերների հետ, ի՞նչ համաձայնագրերի ստորագրում է նախատեսվում և արդյոք դրանք ևս տեղավորվո՞ւմ են ՄՄ-ին և Եվրասիական տնտեսական տարածքին ինտեգրվելու հռչակված քաղաքականության մեջ։

 


-Ռուսաստանի Դաշնությունը մեր կարևորագույն գործընկերներից է նաև գիտության և կրթության ոլորտներում, վերջին ժամանակահատվածում կային նոր հետաքրքիր առաջարկություններ և գաղափարներ ռուս-հայկական համագործակցության վերաբերյալ հումանիտար ոլորտում, որոնցից մի քանիսը կարծում ենք, որ արդեն պատրաստ են ստորագրման գործընթացը սկսելու համար: Հիմա աշխատանքները եզրափակիչ փուլ են տեղափոխվել և մի շարք իրավական ձևակերպումների ընթացքում են: Խոսքը վերաբերում է Հայաստանում Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի բացման նախագծին, Սլավոնական ռուս-հայկական համալսարանի նոր կարգավիճակին և դրա համաձայնագրի նախագծին և 2014-2015թթ. հանրակրթության ոլորտում համագործակցության հուշագրին, որը ներառելու է ինչպես ռուսաց լեզվի դասավանդման հետ կապված խնդիրները Հայաստանում և ռուսական վարժարանի խնդիրը, այնպես էլ Ռուսաստանում հայոց լեզվի դասավանդման և մի շարք այլ հարցեր:

 


Այս ամենը նախապատրաստվել և քննարկվել է մի քանի տարի շարունակ, և Հայաստանն ու Ռուսաստանը գտնվում են միևնույն կրթական տարածքում, դա եվրոպական կրթական տարածքն է, բացի եվրոպական կրթական տարածքից մեզ միավորում է նաև ԱՊՀ կրթական տարածքը, որի վերաբերյալ նույնպես կան համապատասխան մակարդակի միջպետական համաձայնագրեր: Եվ քաղաքական ենթատեքստեր այստեղ փնտրելը զուր է, որովհետև կրթության ոլորտում իրականում նման քաղաքական միավորումների ներքո չեն ստեղծվում կրթական տարածքները, ինչպես արդեն ասացի՝ եվրոպական կրթական տարածքի մասն են և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանը և, իհարկե, մեզ համար շատ կարևոր է, որ մեր առանցքային գործընկերներից մեկի՝ Ռուսաստանի հետ, մենք կարողանանք առավել նոր մակարդակի և որակի նախագծեր իրականացնել:

 


-Սլավոնական համալսարանին ի՞նչ նոր կարգավիճակ է տրվելու:

 


-Սլավոնական համալսարանի ստեղծման համաձայնագիրը 18 տարվա պատմություն ունի։ Բազմաթիվ դրույթներ արդեն հնացել են, և խոսքը վերաբերում է այս տարիների ընթացքում մեր երկու պետություններում տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններից բխած մի շարք դրույթներին, որոնք վերաբերելու են համալսարանների գործունեությանը: Կարող եմ ասել, որ Սլավոնական համալսարանին կթույլատրվի նաև հայերենով կրթական ծրագրերի մատուցումը: Սա մի փոքր անոնս՝ համաձայնագրից:

 


-Իսկ ռուսական վարժարանների՝ գիմնազիաների մասին ՌԴ նախագահի հայտարարությունը Հայաստանում միարժեք բացասական գնահատանքի ու ընկալման արժանացավ՝ սեպտեմբերի 3-ի հայտնի իրողություններից հետո:

 


-Մեկ ռուսական գիմնազիայի մասին է խոսքը, իսկ բացասական ընկալումները գտնվում են ծայրահեղ արխայիկ մտածելակերպ ունեցող և համապատասխան կառույցների հետ կապ ունեցող շրջանակների մոտ, որովհետև կյանքն ապացուցեց, որ 2010 թվականին ընդունած «Լեզվի մասին օրենքը», որ որոշ մեր հայրենակիցների մոտ մտահոգություններ էր առաջացրել, իսկ քաղաքացիական ակտիվիստների մոտ ուղղակի շահարկման առիթ էր հանդիսացել, որևէ կապ չունի և որևէ առիթ չի ստեղծում Հայաստանում զանգվածային կերպով այլալեզու կրթություն իրականացնելու հետ և համար: Եվ պատահական չէ, որ այդ օրենքի ընդունումից հետո առաջին դպրոցը, որը բացվել է անգլալեզու դպրոց է, և երկրորդ դպրոցը, որ կառուցվում է և նույնպես պետք է բացվի, նույնպես անգլալեզու է:

 


-Պարոն Աշոտյան, Հայաստանում ռուսաց լեզվի վիճակին գնահատական տրվե՞լ է, մասնավորապես, որ Հայաստանում այս տարիներին ռուսաց լեզվի դասավանդման ժամերը պակասեցվել են և նախատեսում է արդյոք ժամաքանակի ավելացում հանրակրթական դպրոցում:

 


-Հայաստանում ռուսաց լեզվի դասավանդումը իրականացվում է երկրորդ դասարանից մինչև ավարտական դասարանը,և որևէ խնդիր լեզվի դասավանդման ժամերի ավելացման կամ կրճատման գոյություն չունի: Դպրոցներում դասավանդվում է երկու պարտադիր օտար լեզու՝ ռուսերենը և, որպես կանոն, անգլերենը, դպրոցները իրավունք ունեն ընտրելու երրորդ օտար լեզու՝ միջին դպրոցից: Իհարկե, լեզուների դասավանդման որակի բարձրացման խնդիր կա, հատկապես ցանկալի կլիներ, որ մի օր մեր ֆինանսական հնարավորությունները ներեին, որ դասարանները, ժամանակին ինչպես արվում էին, կիսվեին երկու մասի, որպեսզի լեզուն ավելի լավ դասավանդվեր: Ընդհանուր առմամբ, դասագրքերի թարմացման խնդիրն է լուծված և մի շարք դպրոցներում դասավանդման ժամանակակից մեթոդներ են կիրառվում, տեխնիկական հնարավորությունները ներում են, բայց, իհարկե, աշխատելու տեղ կա: Վերապատրաստման և փոխանակման բազմաթիվ ծրագրեր են իրականացվել և այս ամենը ոչ միայն ռուսաց լեզվի դասավանդման հետ կապված, այլ նաև այլ օտար լեզուների:

 


-Պարոն Աշոտյան , Բրյուսելում էիք, որտեղ պարզվեց, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի կուսակցությունը դուրս է գալիս ԵԺԿ-ից և անդամակցում է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցությանը, որին, ի դեպ, պատրաստվում է դիտորդ անդամի կարգավիճակով անդամակցել «Բարգավաճ Հայաստանը»: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:

 


-Կարծում եմ, որ Հայաստանի քաղաքական կյանքի համար կարևոր է, որ եվրոպական բոլոր քաղաքական ընտանիքներում ներկայացված լինեն հայաստանյան կուսակցությունները, ինչպես ԵԺԿ-ում՝ ի դեմս մեզ, ՕԵԿ-ի ու «Ժառանգության», ինչպես որ ներկայացված են սոցիալիստների դեպքում, ինչպես որ ներկայացված են լիբերալների դեպքում: Եթե, իհարկե, այդ կուսակցությունները համապատասխանեն եվրոպական այդ քաղաքական ընտանիքների ստանդարտներին: Կարծում եմ, որ հատկապես այս պարագայում AKP կուսակցության («Արդարադատություն և զարգացում») Կոնսերվատորների և բարեփոխիչների եվրոպական կուսակցությանը անդամակցելու դեպքում, պետության համար կարևոր կլինի, որ հայկական կուսակցություն ևս այնտեղ ներկայացված լինի: Եվ եթե «Բարգավաճ Հայաստանը» դիմել է, ապա իրենց մաղթում եմ հաջողություն:

 


Ավելացնեմ, որ եթե թուրքական կուսակցությունը ցանկություն ունի առավել ինտենսիվ և խորը եվրոպական ինտեգրման, ապա դրան հասնելու համար պետք է ոչ թե նեղանալ այն քաղաքական ուժերից, որոնք պահանջում են եվրոպական ստանդարտներին և չափանիշներին համապատասխան քաղաքականություն, այլ իրականում պետք է առավել ժողովրդավար, պրոգրեսիվ ու եվրոպական տիպի կուսակցություն լինել: