Իրանի պարագայում դիվանագիտությունը պատերազմից նախընտրելի է. ԱՄՆ-ն՝ Իսրայելին

15:08 • 16.11.13

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսակին, անդրադառնալով Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի այն հայտարարությանը, թե Թեհրանի հետ միջուկային բանակցությունները լավ գաղափար չեն, ասել է, որ Իրանի պարագայում դիվանագիտությունը պատերազմից նախընտրելի է։

 

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, խոսնակը, մասնավորապես, նշել է, որ ԱՄՆ-ի կառավարության կարծիքով՝ սխալ է ներկայում Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելը, ինչպես առաջարկում է վարվել Իսրայելը։

 

«Եթե մենք դիվանագիտությունից հրաժարվենք, ապա մնում է միայն պատերազմի տարբերակը, ինչը նախընտրելի չէ։ Ուստի, մենք ճիշտ ուղու վրա ենք»,-ասել է Փսակին։

 

Երեկ Նեթանյահուն Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ «Իրանը շարունակում է ատոմային ռումբերի ու գործողության հեռահար շառավղով հրթիռների ստեղծումը»։ Ըստ հրեական պետության ղեկավարի՝ «Իրանն այս բանակցություններից ստանում է ամեն ինչ ու, փոխարենը, չի տալիս ոչինչ»։

 

Հիշեցնենք, որ Իրանի ու միջնորդ «վեցյակի» միջև բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի 20-ից։ Կանխատեսվում է, որ Արևմուտքին մոտ ապագայում կհաջողվի միջուկային համաձայնության գալ Թեհրանի հետ։