Հետաքննությունների դաշնային բյուրոն բացահայտել է կառավարական համակարգիչների վրա շարունակական հարձակումները

12:26 • 16.11.13

Միջազգային Anonymous խմբավորման հետ կապված հաքերներին հաջողվել է կոտրել ամերիկյան մի քանի դաշնային գերատեսչությունների համակարգիչները՝ օգտագործելով Adobe ծրագրային ապահովման մեջ առկա սխալը, և հասանելիություն ստանալ գաղտնի տեղեկություններին, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին: Այդ մասին տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:

 

Գործակալության տրամադրության տակ հայտնված ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի փաստաթղթերի համաձայն՝ կառավարական համակարգիչները կոտրելու արշավը շարունակվել է 2012 թվականի դեկտեմբերից և ընդգրկել է ԱՄՆ-ի բանակը, էներգետիկայի նախարարությունը, առողջապահության նախարարությունը և ենթադրաբար, շատ այլ պետական հաստատություններ:

 

Իրավապահ մարմինները շարունակում են հաքերների գործողությունների վերաբերյալ հետաքննությունը: ՀԴԲ-ի փաստաթղթերում ցանցային ադմինիստրատորներին ուղղված՝ հնարավոր վտանգները բացահայտելու վերաբերյալ խորհուրդներ են տեղ գտել:

 

Նշվում է, որ հարձակումների մեծ մասը դեռ պետք է հայտնաբերել: Այնուամենայնիվ, հայտնի է դարձել, որ հաքերներն Էներգետիկայի նախարարության առնվազն 104 հազար աշխատակիցների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների և այլոց անձնական տվյալներին հասանելիություն են ստացել։