Վրաստանի նախագահի նստավայրն այսօր իր դռներն է բացում բոլոր այցելուների համար
Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող Վրաստանի նախագահի նստավայրն այսօր բաց կլինի այցելությունների համար, գրում է Грузия Online-ը: Ինչպես նշել է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրո Բարնովը, ցանկացողներին կդիմավորի հատուկ խումբը, որը կուղեկցի նրանց նստավայրում:
«Ավարտվում է Միխեիլ Սաակաշվիլիի նախագահման ժամկետը և, ցավոք, կդադարեցվի այդ շինության կարգավիճակը՝ որպես նստավայր: Շատ ցավալի է խոսել այդ մասին և գիտակցել այդ իրականությունը, բայց մենք մտածում ենք, որ այս շենքն իրականում պատկանում է ժողովրդին: Կարծում ենք, որ հնարավորինս մեծ թվով մարդիկ պետք է տեսնեն, թե ինչ է իրենից ներկայացնում այդ շենքը՝ ոչ միայն դրսից, այլև ներսից»,- ասել է Բարնովը:
Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով այսօր ժամը 12:00-ից նստավայրը «կբացի իր դռները» և կընդունի բոլոր ցանկացողներին:










