Ինչպե՞ս կարող է Կառավարության ղեկավարն արհամարհական տոնայնությամբ պատասխանել պատգամավորին. Ն. Զոհրաբյան

23:24 • 16.11.13

«Խմբակցությունն անընդհատ զանգեր է ստանում, թե՝ ինչպե՞ս կարող է Կառավարության ղեկավարն ուղղակիորեն նման արհամարհական տոնայնությամբ պատասխանել պատգամավորի բարձրացրած շատ ճիշտ հարցին»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ ավելացնելով. «Մեր պատգամավորի շատ կարևոր հարցադրմանը հանրությունն արդեն պատասխան տվել է»:

 


Հիշեցնենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի՝ հարցին ի պատասխան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն արձագանքել էր մեկ բառով միայն՝ «Հնարավո´ր է»:

 


Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ երկու գնահատական լինել չի կարող, երբ սահմանամերձ գյուղերում կան դպրոցներ, մանկապարտեզներ, որոնք, կարծես, հենց նոր ռմբակոծված լինեն, և երեխաները տարրական պայմաններ չունեն՝ սովորելու կամ մանկապարտեզ հաճախելու, ու այդ պայմաններում անել ծախսեր, որոնք հնարավոր է՝ այդքան էլ հրատապ չեն, քան՝ մեր սահմանը պահող ընտանիքների երեխաների առաջնահերթ հոգսերը հոգալը:

 


Նշենք, որ ԲՀԿ-վարչապետ «հակամարտությունն» այսքանով չի ավարտվել: Խորհրդարանում Նաիրա Զոհրաբյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հայաստանի միջև փոխգործակցության խորացման հուշագրի մասին հարց էր ուղղել Տիգրան Սարգսյանին, ինչին ի պատասխան Տ. Սարգսյանն ասել էր, թե ծանոթ չէ այդ փաստաթղթին:

 

Նաիրա Զոհրաբյանը ծրարով վարչապետին է ուղարկել վերջինիս կողմից ստորագրված հուշագիրը, որով Հայաստանը պարտավորվել է չանել այնպիսի հայտարարություններ և գործողություններ, որոնք կհակասեն Մաքսային միության շահերին:


«Ինչ վերաբերում է հուշագրին, թերթերից մեկը լայնածավալ վերլուծություն էր ներկայացրել՝ ամբողջովին խեղաթյուրելով իմ հայտարարությունը, նշելով, որ ես հայտարարել եմ, թե հուշագիրն ստորագրել է Սերժ Սարգսյանը: Հայտարարությունն ընդունվել է Մինսկում, արժանացել է չորս երկրների նախագահների հավանությանը, որից հետո արդեն նոյեմբերի 6-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենոկոյի և Տիգրան Սարգսյանի կողմից վավերացվել է Երևանում, և ահա՝ այդ հուշագիրը ես երեկ ծրարով պաշտոնապես ուղարկել եմ ՀՀ վարչպետին»,-նշեց Ն. Զոհրաբյանը և հավելեց.«Եթե ստորագրված է հուշագիր, որը տեղադրված է թե՛ ՀՀ Նախագահի կայք-էջում, թե՛ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում, իսկ նոյեմբերի 6-ին՝ Երևանում ստորագրելուց հետո տեղադրվել է նաև Կառավարության կայքում, և այդ մասին կառավարության ղեկավարը չի հիշում, անկախ նրանից, թե որքան է այդ հուշագրի իրավական հետևանքը, էլ ի՞նչ կարող եմ ասել»:


Հարցին, թե՝ հետագայում ի՞նչ է պատրաստվում անել ԲՀԿ-ն, պատգամավորը պատասխանեց. «Այսուհետ էլ մենք բարձրացնելու ենք հանրությանը հուզող ցանկացած հարց»: