Սաակաշվիլին հրաժարվել է մասնակցել Վրաստանի նախագահի երդմնակալության արարողությանը
Վրաստանի՝ պաշտոնից հեռացող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չի մասնակցի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Այդ մասին ասվում է Թբիլիսիում Սաակաշվիլիի տարածած հայտարարության մեջ: Միխեիլ Սաակաշվիլին ներկայում աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում:
«Նոր իշխանությունները չեն դատապարտում Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության վարած քաղաքականությունը։ Կառավարությունը կանգնեցրել է նաև ավելի վաղ սկսված բազմաթիվ ծրագրեր»,-նշել է Սաակաշվիլին։
Մինչդեռ իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչներն այդ պնդումներն «աբսուրդային» են անվանել: Խորհրդարանի հանձնաժողովներից մեկի նախագահ Էկա Բեսելիան շաբաթ օրը հայտարարել է, որ երդմնակալությանը չմասնակցելու Սաակաշվիլիի որոշումը «անհարգալից վերաբերմունք է Վրաստանի ընտրողների կարծիքի և նախագահի ինստիտուտի նկատմամբ»:
Նոր նախագահի երդմնակալության արարողությունը կկայանա նոյեմբերի 17-ին, Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի բակում:
Երեկ Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրո Բարնովը հայտարարել էր, որ Սաակաշվիլին կմասնակցի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը, եթե կառավարությունը կատարի նրա 2 պահանջները:










