Ուշագրավ է, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը կազմակերպվեց մինչև եվրոասոցացման խնդրով վիլնյուսյան հավաքը. Արման Մելիքյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումից ակնկալիքներ ունենալ չարժի, քանի որ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ՝ գնալ զիջումների, իսկ համանախագահներն էլ խնդրի լուծման նոր մոտեցումների մասին առայժմ որևէ լուրջ հայտարարություն չեն արել: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արման Մելիքյանը:
«Ուշագրավ է, որ այդ հանդիպումը որոշեցին կազմակերպել մինչև եվրոասոցացման խնդրին նվիրված վիլնյուսյան հավաքը: Կարելի է ենթադրել, որ հանդիպումը պետք է օգնի Իլհամ Ալիևին՝ կողմնորոշվելու, թե Ադրբեջանը միջնաժամկետ հեռանկարում որ ճամբարի հետ պետք է կապի իր ապագան՝ ԵՄ-ի՞, թե՞ ՄՄ-ի»,-ասաց նա:
Արման Մելիքյանը պատահական չի համարում նոյեմբերի 16-ին Տավուշի մարզի Վազաշեն գյուղի շրջակայքում հակառակորդի կողմից արձակած կրակը հանդիպումից ընդամենը՝ երեք օր առաջ, քանի որ ճակատային գծում լարվածությունը թեժ պահելը Ադրբեջանի քաղաքականության կարևոր բաղադրատարրն է:
«Այս ձևաչափով և այս օրակարգով հանդիպումներից Հայաստանն, առհասարակ, սպասելիք ունենալ չի կարող: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա վերջինս միանգամայն հավանական է համարում իր դրած նպատակներին ուժի գործադրման միջոցով հասնելու տարբերակը,և ես առայժմ չեմ լսել, որ նրա ռազմատենչ հայտարարությունները պատշաճ հակազդեցության արժանանան միջնորդների կողմից»,-ասաց նա և ընդգծեց, որ այսօր մեզ մտահոգող հարցը պետք է հենց դա լինի:










