Ինչ կարծիք ունեն երևանցիները Վարդան Պետրոսյանի կալանավորման վերաբերյալ

18:37 • 18.11.13

Դերասան Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը կալանքը ընտրելու դատարանի որոշումը լուրջ տարըմբռնումների և հակասական մեկնաբանությունների տեղիք տվեց հասարակության շրջանում: Առհասարակ, այս որոշումը հավելյալ անգամ ցույց տվեց, որ ՀՀ քրեական դատավարության մասին օրենսգրքի «խափանման միջոցները» բաժինը արմատապես վերանայելու խնդիր ունի:

 

Սրա մասին նախորդ շաբաթ ակնարկեց նաև ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը նշելով, որ. «Նախագահը խափանման միջոցի կիրառման օրենսդրական և գործնական հիմնահարցերին ևս մեկ անգամ անդրադառնալու անհրաժեշտություն է տեսնում», իսկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը համաձայնելով այս կարծիքի հետ հավելեց, որ կալանքը որպես խափանման միջոց չափից դուրս շատ է կիրառվում, ինչի մասին վկայում է նաև Վճռաբեկ դատարանը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ հետազոտավերլուծական թիմը Tert.am-ի պատվերով փորձել է պարզել երևանցիների վերաբերմունքը Վարդան Պետրոսյանի նկատմամբ նախաքննության իրականացման ընթացքում կալանքի կիրառմանը որպես խափանման միջոց: Հարցումն իրականացվել է նոյեմբերի 12-16-ը Երևան քաղաքում` 360 հարցվողների շրջանում:

 

Հարցվողներին տրվել են հետևյալ հարցերը:


1. Տեղյա՞կ եք արդյոք վերջերս դերասան Վարդան Պետրոսյանի հետ կապված ողբերգական իրադարձությանը

 

2. Ինչպե՞ս եք վերաբերվում Վարդան Պետրոսյանի նկատմամբ նախաքննության ընթացքում դատարանի կողմից կալանքի կիռամանը որպես խափանման միջոց

 

Ինչպես պատկերված է Գրաֆիկ 1-ում հարցվողների ճնշող մեծամասնությունը քաջատեղյակ էր Վարդան Պետրոսյանի հետ կապված ողբերգական դեպքին: Առհասարակ, հաշվի առնելով տվյալ դեպքի հետ կապված հասարակական լայն արձագանքը, հարցվողների ավելի քան 90%-ի տեղեկացվածությունը կարելի է օրինաչափ համարել:

 

 


Գրաֆիկ 1


 Նախաքննության ընթացքում դատարանի կողմից Վարդան Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց` կալանքի կիրառման հարցի պատասխաններում առավել ընդգծվում են «դա ավելի շուտ սխալ որոշում էր» (22%) և «դա միանշանակ սխալ որոշում էր» (25 %) տարբերակները (տե՛ս գրաֆիկ 2):

 

Սա վկայում է այն մասին, որ հարցվողների մոտ կեսը այս կամ այն կերպ դեմ է այս որոշմանը: Հատկանշական է, որ տվյալ դեպքում կալանքը միանշանակ ճիշտ են համարել հարցվողների ընդամենը 11%-ը, իսկ ևս 17%-ը ավելի շատ հակված էին այն ճիշտ որոշում համարելուն:

 

Ամենևին չանտեսելով հարցի իրավական կողմը, պետք է արձանագրել, որ գոնե հասարակական ընկալման հարթության վրա դատարանն առնվազն ավելորդ խստություն է ցուցաբերել նախաքննության ընթացքում հայտնի դերասանին կալանավորելով:

 


Գրաֆիկ 2

Բավականին պատկառելի թիվ (25%) է հավաքել «Չեզոք/ ինձ համար միևնույն է» տարբերակը: Այս պարագայում էլ կարող ենք փաստել հանրային մեծ արձագանք ստացած իրադարձությունների վերաբերյալ սեփական դիրքորոշումը չբացահայտելուն հակված հարցվողների առկայությունը, միաժամանակ չբացառելով` «և կողմ և դեմ» տարբերակի կողմնակիցների գոյության մասին: