Աշխարհի մի քանի քաղաքներում վրացի ուսանողները «ռուսական օկուպացիայի դեմ» բողոքի ակցիաներ են իրականացրել

12:52 • 18.11.13

Վրացի ուսանողները «ռուսական օկուպացիայի դեմ» բողոքի ակցիաներ են իրականացրել աշխարհի տարբեր քաղաքներում, հաղորդում է Грузия Online-ը:

 

Ակցիան կազմակերպել է «Վրացի ուսանողների համաշխարհային միավորումը»: Ակցիաները տեղի են ունեցել Բրյուսելում, Լոնդոնում, Ռիգայում, Մյունխենում և Պրահայում, որոնց մասնակցել են ինչպես վրացի ուսանողներ, այնպես էլ տարբեր ազգությունների նրանց ընկերները:

 

Ակցիայի մասնակիցները ձեռքերում սպիտակ աղավնի են պահել՝ որպես ազատ և խաղաղ Վրաստանի խորհրդանիշ:

 

«Անհրաժեշտ է Ռուսաստանի կառավարությանը ցույց տալ, որ վրացի երիտասարդությունը չի համակերպվի արհեստական լարվածությանը և թշնամանքին մի ժողովրդի հետ, որոնց հետ ոմանց կապում են ընտանեկան կապերը, ոմանց՝ բարեկամությունը, իսկ ոմանց՝ ընկերությունը: Հարաբերություններն անպայման պետք է շտկվեն: Այդ գործընթացը սկսել կարող է միայն ռուսական պետությունը, և այդ պատճառով Եվրոպայում ապրող վրացի ուսանողներս միասին բողոքում ենք ռուսական ագրեսիայի դեմ: Մենք փորձել ենք ցույց տալ ռուսական պետությանը, որ մենք՝ մեր երկրների ապագա սերունդներս, գիտենք՝ ինչպես ապրել և կառուցել մեր երկրների ապագան»,- հայտարարել է ակցիայի կազմակերպիչ Նինո Շարաշիձեն: