Հրաչյա Հարությունյանը դատի է տվել քննիչին` կանացի խալաթի համար

11:15 • 18.11.13

ՀՀ քաղաքացի, ազատամարտիկ Հրաչյա Հարությունյանը, որի վարած «ԿամԱԶ» մեքենայի վթարի հետևանքով 18 մարդ էր զոհվել Պոդոլսկում, դատի է տվել քննիչին, որը նրան դատարան էր բերել կանացի խալաթով, հայտնում է Life News-ը:

 

Հարությունյանի դատապաշտպան Ռուբեն Մարգարյանն այս առիթով ասել է, որ իրենց կարծիքով՝ կանացի խալաթով և ամառային հողաթափով մարդուն դատարան տանելն անձանց ձերբակալության մասին օրենքի խախտում է: Նա նշել է, որ Հարությունյանը խնդրել է կապվել իր հարազատների հետ և հագուստ հայթայթել, սակայն դա չի արվել:

 

Մարգարյանն իր վրդովմունք է հայտնել` նշելով, որ հնարավոր է քննիչը Հարությունյանին մերկ տաներ դատարան, և արդյոք քննիչը չպետք է պատասխանատվություն կրի:

 

Մարգարյանն ասել է, որ նույն հարցով բողոքները դատախազություն և քննչական մարմիններ արդյունք չեն տվել, և իրենք հուսով են, որ դատարանը վերջ կդնի խալաթի հետ կապված միջադեպին:

 

Հուլիսին տեղի ունեցած ողբերգության համար Հարությունյանը գիտակցել է իր մեղքը, համաձայնել, որ սխալ որոշում է կայացրել և երթևեկության խախտում արել` փորձելով կանգնեցնել թափ հավաքած մեքենան, որի արգելակները խափանվել են:

 

Նա այժմ մեղադրվում է հենց երթևեկության կանոնների խախտման հոդվածով, որը անզգուշաբար հանգեցրել է երկու և ավելի մարդկանց մահվան: Ըստ այդմ` նա կարող է ազատազրկվել 7 տարով: