Ֆրանսիայի նախագահն Իրանի հետ համաձայնության գալու համար 4 նախապայման է առաջ քաշել
Ֆրանսիան Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալու համար 4 նախապայման ունի. նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ Ֆրանսիայի առաջին պահանջն է, որպեսզի Իրանն անհապաղ բոլոր միջուկային օբյեկտները հանձնի միջազգային վերահսկողության։
«Երկրոդ պայմանը մինչև 20% ուրանի հարստացման դադարեցումն է։ Երրորդ պահանջն է կրճատել առկա պաշարները, և վերջապես չորրորդը՝ դադարեցնել Արաքի միջուկային կենտրոնի շինարարությունը»,-ասել է Ֆրանսիայի ղեկավարը։
Օլանդը նշել է, որ բանակցելը միշտ ավելի լավ է, քան ուժի կիրառումը, սակայն Իրանը չափազանց երկար ժամանակ է մասնակցում բանակցությունների՝ առանց առաջ շարժվելու, և դա պետք է ավարտվի։ «Նպատակն այն է, որ Իրանը մեկընդմիշտ հրաժարվի միջուկային զենքից»,-ասել է նա։
Անդրադառնալով Ժնևում կայացած բանակցային հերթական փուլին՝ Օլանդն ասել է, որ անվիճելի առաջընթաց է տեղի ունեցել, սակայն դա «բավարար չէ»։










