Ինդոնեզիան հետ է կանչել Ավստրալիայից իր դեսպանին՝ գաղտնալսումների հետ կապված սկանդալի պատճառով

14:36 • 18.11.13

Ինդոնեզիայի արտգործնախարարությունը «խորհրդակցությունների համար» հետ է կանչել Ավստրալիայում իր դեսպանին՝ ավստրալական հատուկ ծառայությունների կողմից երկրի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդոյոնոյի բջջային հեռախոսը գաղտնալսելու մասին տեղեկությունների հրապարակումից հետո, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:

 

Դեսպանին հետ կանչելու որոշումը բացատրելով՝ Ինդոնեզիայի արտգործնախարար Մարտի Նատալեգավան ավստրալական հատուկ ծառայությունների գործողություններն անվանել է «թշնամական և անպատշաճ»: Քաղաքականության, իրավունքի և անվտանգության հարցերով ինդոնեզացի նախարար Ջոկո Սույանտոն հայտարարել է, որ կառավարությունը պատրաստվում է վերանայել Կանբերայի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում:

 

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը հրաժարվել է մեկնաբանել գաղտնալսումների մասին ԶԼՄ-ներում հայտնված հրապարակումները: «Բոլոր երկրների կառավարությունները տեղեկություններ են հավաքում, և բոլոր կառավարությունները գիտեն, որ բոլորը տեղեկություններ են հավաքում»,- հայտարարել է նա: