Իվանիշվիլին արդեն ազատել է աշխատասենյակը

13:40 • 18.11.13

Վրաստանի վարչապետի պարտականությունները կատարող Բիձինա Իվանիշվիլին արդեն ազատել է Կառավարության շենքում գտնվող իր աշխատասենյակը, տեղեկացնում է Новости-Грузия-ն։

 

Երկրի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պաշտոնավարման առաջին իսկ օրը ստորագրել է իր առաջին հրամանը, համաձայն որի Բիձինա Իվանիշվիլին, որն ավելի քան մեկ տարի ղեկավարում է կառավարությունը, նախարարների հետ դարձել են պաշտոնակատարներ։ Ավելի վաղ Իվանիշվիլին նշել էր իր փոխարինողի անունը՝ Իրակլի Գարիբաշվիլի։

 

«Վարչապետի պաշտոնակատար Բիձինա Իվանիշվիլին արդեն ազատել է իր աշխատասենյակը, որտեղ ժամանակավորապես աշխատելու է նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին»,-ասել է կառավարության մամուլի ծառայության աշխատակիցը։
 

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իվանիշվիլիի նախկին աշխատասենյակը, որը գտնվում էր կառավարության շենքի 10-րդ հարկում, արդեն օրհնել են հոգևորականները։

 

Այսպիսով՝ Վրաստանի նախագահի աշխատակազմը տեղավորվելու է կառավարության 10-11-րդ հարկերում, իսկ ապագա վարչապետի աշխատասենյակը գտնվելու է 12-րդ հարկում։