Կազանի ավիավթարի զոհերի հարազատները 1-ական մլն ռուբլի փոխհատուցում կստանան

10:05 • 18.11.13

Թաթարստանի իշխանությունները Կազանի ավիավթարից զոհվածների ընտանիքներին 1-ական մլն ռուբլի փոխհատուցում կվճարեն։ Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին հաղորդել է օպերատիվ շտաբի ղեկավար, հանրապետության փոխվարչապետ Յուրի Կամալտինովը։

 

«Որոշում է կայացվել զոհերի ընտանիքներին Թաթարստանի պահուստային հիմնադրամից մեկական մլն ռուբլի փոխանցել»,-ասել է նա։

 

Բացի դրանից, զոհերի հարազատները 2-ական մլն ռուբլի կստանան «СОГАЗ» ապահովագրական ընկերությունից, որտեղ ապահովագրվել էր «Թաթարստան» ավիաընկերությունը։

 

Ըստ նախնական վարկածի՝ ավիավթարի պատճառը եղել է ինքնաթիռի անսարքությունն ու օդաչուների սխալը։


Այսօր սկսվելու է զոհերի ինքնությունը ճանաչելու գործընթացը, ինչը կարող է տևել մի քանի շաբաթ։
 

Հիշեցնենք, որ «Թաթարստան» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը թռել էր Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից։ Ինքնաթիռը 3 անգամ փորձել է շրջան կատարել՝ վայրէջքի համար, սակայն դեռևս անհայտ պատճառներով՝ ինքնաթիռը կորցրել է բարձրությունն ու ընկել Կազանի օդանավակայանում, ինչից հետո պայթել է։


Օդանավում գտնվել են 44 ուղևորներ և անձնակազմի 6 անդամներ։ Նրանք բոլորը զոհվել են։