Վրաստանը երկրի խաղաղ միավորման համար նոր քաղաքականություն կվարի. Մարգվելաշվիլի

11:03 • 18.11.13

Վրաստանը երկրի խաղաղ միավորման համար նոր քաղաքականություն կսկսի, և երբեք չի դիմի զենքին՝ այդ նպատակին հասնելու համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ ելույթ ունենալով նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

«Մենք կանենք հնարավորը, որպեսզի ոչ թե ուժով, այլ սիրով, ջերմությամբ և խելքով հասնենք Վրաստանի խաղաղ միավորմանը, մեր երկրի կազմում Աբխազիայի և Ցխինվալի շրջանի վերադարձին»,- ասել է նա: Մարգվելաշվիլիի խոսքով՝ «Վրաստանը կկառուցի ազատ, ժողովրդավարական հասարակություն, համաձայնության հասարակություն, որտեղ ամբողջովին կպաշտպանվեն երկրի բոլոր քաղաքացիների իրավունքները, բոլոր ազգությունների քաղաքացիների իրավունքները»:

 

Մարգվելաշվիլին նշել է, որ Վրաստանի խնդիրների լուծման հարցում կարևոր նշանակություն ունի տնտեսության և առողջապահության զարգացումը: «Տնտեսության և առողջապահության վերածնունդը կստեղծեն սոցիալ-տնտեսական պայմաններ, որպեսզի սիրով, ջերմությամբ և խելքով հասնենք Վրաստանի խաղաղ միավորման»,- կարծիք է հայտնել նախագահը:

 

Կիրակի օրը երդմնակալության ժամանակ Մարգվելաշվիլին հայտարարել է, որ «պատրաստ է խորացնել Ռուսաստանի հետ երկխոսությունը՝ հաշվի առնելով Վրաստանի շահերը, միջազգայնորեն ճանաչված երկրի սահմանները և տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ հարգանքը»: