Հայաստանում անցկացվում է ՆԱՏՕ-ի հերթական շաբաթը
Նոյեմբերի 18-22-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանում անցկացվում է թվով 7-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը:
Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից՝ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների մեկնարկը տրվել է նոյեմբերի 18-ին՝ ՀՀ ԱԳՆ շենքում «Միջազգային ճգնաժամերի կառավարում և խաղաղապահություն անվտանգության և պաշտպանության ոլորտների տարբեր կազմակերպությունների կարողություններն ու փորձառությունը» թեմայով կլոր սեղան քննարկմամբ:
Նոյեմբերի 19-ին, որպես ՆԱՏՕ-ի շաբաթվա հիմնական միջոցառում, ՀՀ ՊՆ-ում, տեղի կունենա «ՀՀ ԶՈՒ բարեվարքության ամրապնդման հայեցակարգի ներդրման գործընթացը և միջազգային փորձը» թեմայով սեմինարը, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների փորձագետները, Դաշինքի միջազգային անձնակազմի ներկայացուցիչները, ՀՀ ՊՆ և ԱԳ նախարարությունների ներկայացուցիչները, քաղաքագետներ, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Հաջորդ օրերին ևս կկայանան մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ ՀՀ ԱԳՆ շենքում հեռուստակամուրջ կանցկացվի Կոսովոյում ծառայող հայ խաղաղապահների եւ նրանց ընտանիքների համար, ինչպես նաև՝ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման մասնակիցները կայցելեն ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ:
Երևանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում տեղի կունենա տեսակոնֆերանս ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության բաժանմունքի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ այցելությամբ կեզրափակվի նախատեսված միջոցառումների ցանկը:










