Չի կարելի սովետական մեթոդներով հասարակությանը լռեցնել, Շանթը հոգեկան հիվանդ չէ. բողոքի ակցիա ԱԱԾ-ի դիմաց (տեսանյութ)
Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով նոյեմբերի 5-ին կալանավորված Շանթ Հարությունյանին և մյուսներին ազատ արձակելու պահանջով այսօր մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց։ Նրանք տեղեկություններ ունեին, որ Շանթ Հարությունյանին այսօր ԱԱԾ շենքից տեղափոխելու են հոգեբուժարան:
Շանթ Հարությունյանի տղան՝ 14-ամյա Շահեն Հարությունյանը, ով «Այս դեռ շանթն է, կայծակը մենք ենք» ցուցապաստառով կանգնել էր ԱԱԾ-ի առաջ, լրագրողների հետ զրույցում պնդեց, թե իր հորը ցանկանում են ներկայացնել որպես հոգեկան խնդիրներ ունեցող անձի, ինչն իրականությանը չի համապատասխանում։
«Իմ հայրը հոգեկան խնդիրներ չունի»,-մի քանի անգամ կրկնեց նա։
Նա նշեց, որ իրեն արգելել են տեսակցել հորը, այդ իսկ պատճառով իրենք մտավախություն ունեն, որ գուցե հայրը բռնությունների է ենթարկվել։ «Պահանջում ենք տեսակցություն, բողոք ենք ներկայացրել»,-ասաց նա։
«Ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի» նախաձեռնության անդամ, Կենսաբանական գիտությունների թեկնածու Ֆելիքս Հայրապետյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, իրենց փոքրաթիվ լինելը չի նշանակում, որ նրանց ճակատագրով հտաքրքրվողներ չկան։
«Ընդհանրապես մեր իշխանությունները պետք է հասկանան, որ չի կարելի սովետական մեթոդներով հասարակությանը լռեցնել։ Ի՞նչ հոգեբուժարան, կարդացե՞լ են նրա հոդվածները, հոգեկան խնդիր ունեցողը կարո՞ղ էր նման մտքեր արտահայտել, որ շատ հայրենակիցների սրտից են գալիս»,-ասաց նա։
Ինչ վերաբերվում էր փոքրաթիվ լինելուն, ապա ըստ Ֆելիքս Հայրապետյանի՝ դա միայն վախի հետևանք է, իսկ ինքը հանգիստ գալիս է, որովհետև թոշակառու է և պետությունից կախում չունի։
«Կարծում եմ, որ այնքան վախեցած են, որ այս փոքրաթիվ մարդկանց համար կողքի փողոցում 200 ոստիկան են կանգնեցրել»,-ասաց նա։
Ակցիայի վայրում էր նաև երիգիչ-երգահան Էդուարդ Զորիկյանը, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ Շանթին վաղուց գիտի, և նա հոգեկան հիվանդ չէ, ինչպես փորձում են ներկայացնել։ Նա հույս հայտնեց, որ իշխանությունները կհասկանան և ազատ կարձակեն թե Շանթին, թե մյուս երիտասարդներին։










