Վարդան Պետրոսյանի առողջական վիճակի վատացում տեղի չի ունեցել. բժիշկ
Դերասան Վարդան Պետրոսյանի առողջական վիճակի վատացում, սրում տեղի չի ունեցել: Այս մասին «Tert.am»-ի հետ զրույցում ասաց «Քանկոր» սիրտ-անոթային բժշկական կենտրոնի տնօրեն Շահեն Խաչատրյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, որ դերասանն այսօր ՔԿՀ-ի հիվանդանոցից տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։
«Այստեղ տեղափոխվելու նախաձեռնությունը քրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմինն է եղել, քանի որ ես երկար տարիներ նրա բժիշկն եմ, նրանք որոշել են, որ ես սիրտ-անոթաբանական հիվանդությունների տեսանկյունից հետազոտություն իրականացնեմ»,– ասաց Շահեն Խաչատրյանը:
Բժիշկը հաղորդեց նաև, որ օգտագործելով կլինիկայի տեխնիկական հնարավորությունները, իրենք կկատարեն հետազոտություն և կտան համապատասխան եզրակացություն դերասանի սիրտ-անոթային հիվանդությունների մասին:
Այդուհանդերձ, նա նշեց, որ որքան էլ Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը լավ է, այնուամենայնիվ, դերասանը գտնվում է ընդհանուր դեպրեսիվ վիճակում, տարել է որովայնի ծանր վիրահատություն։
«Հոգեբանական ճգնաժամի մեջ է գտնվում, և հաշվի առնելով, որ նախկինում ունեցել է սիրտ-անոթային հիվանդությունների մասով գանգատներ, այդ համատեքստում մենք ուզում ենք հետազոտել և տեսնել, թե նրա մոտ ինչ է կատարվում»,– բացատրեց բժիշկը:
Հարցին, թե դեռ որքան է Վարդան Պետրոսյանը մնալու իրենց կենտրոնում, Շահեն Խաչատրյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, երբ կհետազոտենք, կունենանք ամփոփ տվյալներ, հիմք կունենանք հայտարարություն անել նրա առողջության մասին, այդ ժամանակ արդեն կորոշվի՝ նա կմնա այստե՞ղ, թե կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ»:










