Ձև անել, թե տե՛ս, ես դեմ եմ՝ ես նման շոուների կողմնակից չեմ. Ա. Արզումանյանը՝ ՀՀ-ՌԴ խորհրդարանականների հայտարարության մասին
ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի համար ԱԺ-ում տեղի ունեցած ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի ԱՊՀ և Եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հարցերով կոմիտեի նիստի ժամանակ ընդունված համատեղ հայտարարության կողմ ու դեմ քվեարկության շուրջ ստեղծված իրավիճակը անհասկանալի արհեստական աժիոտաժ է։
Tert.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ կողմ ու դեմի հարց չկա էլ։ «Հարցը քննակվել է, մտել նախապատրաստման, բոլորն էլ գիտեին, որ նման հայտարարություն է ընդունվելու և ձև անել, թե իբր տես՝ ես դեմ եմ..., ես նման շոուների, ճիշտն ասած, կողմնակից չեմ: Ես ունեմ իմ առաջարկները և այդ կերպ կձգտեմ, որ իմ մոտեցումներն ընդգրկվեն բոլոր այդ փաստաթղթերում, որոնք գոյություն ունեն»,-ասաց Ալեքսանդր Արզումանյանը։
Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ ներկայացնող Ալեքսանդր Արզումանյանն առաջարկել է հետաձգել հայտարարության ընդունումը` դրանում փոփոխություններ կատարելու նպատակով, սակայն արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լրացուցիչ քվեարկության ժամանակ Արզումանյանը կողմ է քվեարկել նախագծին:
Նշենք, որ ըստ օրաթերթի՝ հայտարարությունում կողմերը մասնավորապես նշել են Մաքսային միություն մտնելու և Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի որոշման կարևորությունը: Խորհրդարանականները նշել են, որ հատուկ պատասխանատվություն են կրում իրենց երկրների քաղաքացիներին Մաքսային միության ընդլայնման նշանակությունը ներկայացնելու հարցում: Այս համատեքստում կարևորվել է Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին` որպես հետագա ինտեգրացիայի գործուն մեխանիզմ: Ընդգծվել է համատեղ օրենսդրական գործունեության անհրաժեշտությունը` Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացն արագացնելու նպատակով:
Վիճահարույց հայտարարությանը դեմ են քվեարկել միայն երկու ընդդիմադիր քաղաքական գործիչներ` «Ժառանգությունից» Թևան Պողոսյանը և Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱԿ-ից:
Ալեքսադր Արզումանյանը հստակեցրեց, որ հայտարարությունը երկու հանձնաժողովների նախագահների համատեղ հայտարարությունն է այն մասին, թե իրենք ինչպես են պատկերացնում ապագա օրենսդրական աշխատանքները։
«Իմ տեսակետը ես պաշտոնապես հայտնում եմ նաև բոլոր նիստերին 10 ժամ ընթացող քննարկումների ժամանակ, թող բարի լինեն լրագրողները և գան, մասնակցեն և մութ սենյակում սև կատու չփնտրեն։ Եթե հետաքրքրում է, թող գնան ԱԺ ստորագրությունները վերցնեն, տեսնեն ով ինչ է խոսել, իսկ դա հայտարարություն է հանձնաժողովների նախագահների կողմից, և դա նույնիսկ քվեարկելու բան չէր, իմաստ չկար դրանում, արդեն հանձնաժողովը դա ընդունել էր, որի վկան ԱԺ-ում «Հանրապետական» մեծամասնություն է»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե պատգամավորն այդ դեպքում ինչու՞ էր առաջարկել նախքան քվեարկությունը հետաձգել՝ փոփոխություններ կատարելու նպատակով, հետո արդեն կողմ քվեարկել, Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Այնտեղ Եվրամիության հետ հարցեր կան, կարելի է հետո ստորագրել։ Ասել են, աշխատանքային մեթոդով դա կլուծվի, դա իրենց գործն է։ Հանձնաժողովներ են, առաջին անգամ փորձ է կատարվում, իսկ հանձնաժողովները պետք է համագործակցեն, ոլորտները հստակեցնեն: Ի՞նչ կա այդ հայտարարության մեջ, ի՞նչ մի կարևորություն ունի որ. ինձ համար անհասկանալի է այդ աժիոտաժը, որ առաջ է քաշվել»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է դրան նախորդած «Ժառանգություն» խմբակցության հայտարարությանը, թե այս հայտարարությամբ ոչ միայն ոտնահարվում է ՀՀ Սահմանադրությունը, անկախության ոգին և հայոց ամբողջականության ու միասնության գաղափարը, այլ նաև վկայում է ՀՀ ներկայացուցչական մարմնի` օտար շահերը հլու-հնազանդ սպասարկելու պատրաստակամությունը, նույն խմբակցության պատգամավորը պատասխանեց. «Ես դեմ եմ Մաքսային միությանը միավորվելուն, բայց այդ գործընթացները օրենսդրական դաշտում պետք է ԱԺ-ում քննարկվեն։ Մենք պետք է մերժենք, խոսենք այդ մասին, կգան՝ կնայենք։ Հանձնաժողովների նախագահները, որ համաձայնվել են օրենսդրական գործողությունում համագործակցել, դա ի՞նչ մի պրոբլեմ է, ես չեմ հասկանում։ ԱԺ կոնկրետ մի հանձնաժողովի նախագահ Հայաստանը տարավ-մտցրեց Մաքսային միությու՞ն»:










