Պետական մարմիններն իմ դեմ են դուրս եկել, ասում է նախագահականի դիմաց նստացույց արած քաղաքացին
Նախագահական նստավայրի դիմաց նստացույց և հացադուլ արած Էջմիածին քաղաքի բնակիչ Աշոտ Խուդոյանը, ով հայրական ժառանգության համար դատավեճի մեջ է ներքաշվել իր հարազատների հետ, ընտանիքի անդամների և իրենց փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ այսօր կայացած ասուլիսին կիսելով իրենց մտահոգությունները՝ հայտարարեց, թե իր դեմ դուրս են եկել պետական մարմինները:
«Ինձ մոտ այնպիսի ծայրահեղ վիճակ է, իմ դեմ դուրս են եկել պետական մարմինները: Ես և իմ փաստաբանը ինքնաբացարկի հայտարարություն ենք մշակել, իսկ դատավոր Մելքոնյանը չի էլ քննարկել այդ ինքնաբացարկը: Դատավորը չարաշահել է իր պաշտոնական դիրքը: Ես համոզված եմ, որ նա աջակցում է իմ ընդդիմադիրներին»,- ասաց նա՝ այդ ամենը որակելով տնտեսական հանցագործություն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ընդունել էր Աշոտ Խուդոյանին, ով ներկայացրել իր բողոքը: ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել էր վերադաս դատախազին պատշաճ ուսումնասիրել քաղաքացու բողոքում նշված հանգամանքներն ու այդ ուղղությամբ իրականացնել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ, նախաքննության ընթացքի վերաբերյալ զեկուցել:
Գևորգ Կոստանյանը վստահեցրել էր, որ քրեական գործով, օրենքով դատախազությանը վերապահված լիազորությունների շրջանակներում, կարվի հնարավորը` պարզելու բողոքում նշված հանգամանքների իրական վիճակը, մեղավոր անձանց շրջանակը և լուծելու նրանց պատասխանատվության հարցը:
Աշոտ Խուդոյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը, ով նշված գործի երրորդ փաստաբանն է, հայտարարեց, որ պատկերը շատ տխուր է, որովհետև մինչև հիմա ընդդեմ Խուդոյանի նրա հարազատներն արդեն որոշակի գործողություններ կատարել են:
«Երբ պապիկը տունը ժառանգություն է տվել երեք երեխաներին, մայրը իր օգտին կատարել է մի գործարք, տունը մասնատել է և մի մասն էլ նվիրատվությամբ տվել աղջկան: Քույրը՝ Մարիետա Քալաշյանը, ով դատի է տվել եղբորը, երկար տարիներ այդ տանը չի ապրել և սա ավելի սկզբունքի հարց է, այդ տունը իրենց պետք էլ չի»,– պատմեց նա:
«Խուդոյանի եղբայրը ժամանակին քանդել է տունը՝ թողնելով այն մասը, որը իրենց է պատկանում, այսինքն՝ այս պահին երեք ժառանգատուներից երկուսը մահացել են: Այն նվիրատվությունը, որտեղ այսօր Աշոտ Խուդոյանը ապրում է, ինձ համար էլ անհասկանալի, որ նախ մայրը, իրավունք չուներ, օգտագործելով երեխաների անչափահաս լինելը, այդպես բաժանել ժառանգությունը»,- ներկայացրեց փաստաբանը՝ ավելացնելով, որ այսօր Աշոտ Խուդոյանն իր չորս երեխաներով դրսում մնալու վտանգի առաջ է կանգնած:
Հետևաբար, նա նախաքննական մարմնին խորհուրդ տվեց պարզել, թե ինչպես է քրեական գործ հարուցվելու, քանի որ մարդու գույքը հանցավոր կերպով օտարվել է իր հարազատների ձեռքով, իսկ նախաքննական մարմին ասում է հանցակազմ չկա:
«Դատարանում, իհարկե, քաղաքացիական գործ է գնում, բայց այս կարգի գույքային իրավունքների վերաբերյալ բոլորը պիտի դառնան քրեական գործով քննման առարկա: 30-40 տարի այդ քույրը ոչ գույքի է տիրապետել, ոչ էլ պահպանել է, այլ հակառակը՝ քանդել է: Մեզ համար մեկ է՝ իրավահաջորդ կլինի, թե ոչ, բայց կատարել են արարք, որ իր մեջ հանցանք է պարունակում: Այդ ժամանակ Աշոտ Խուդոյանը բանտում էր, բայց մայրը պարտավոր էր պահպանել ժառանգական զանգվածը»,-ասաց նա:










