Սարգսյան-Ալիև հանդիպմանը կախարդական փայտիկի գործոն չի կարող լինել. Դավիթ Բաբայան
ԼՂՀ ղեկավարությունը որևէ ակնկալիք չունի այսօր Վիեննայում կայանալիք Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումից: Tert.am-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ համապարփակ կարգավորման կամ ինչ-որ կարևոր քայլ անելու համար չկան օբյեկտիվ նախապայմաններ:
«Պատճառը Ադրբեջանի քաղաքականությունն է, քաղաքականություն, որը հիմնված է հայատյացության վրա»,-նշեց Դավիթ Բաբայանը: Մամլո քարտուղարի հաղորդմամբ, նման հանդիպումները կարևոր են այն առումով, որ նպաստում են կայունության և խաղաղության պահպանմանը, հետևաբար այս տեսանկյունից հանդիպումը չափազանց կարևոր է:
«Ներկա դրությամբ որևէ այլ տարբերակ թերևս չի կարող քննարկվել, քանի որ չկան նախապայմաններ՝ հարցը կարգավորելու համար: Կողմերն ունեն տարբեր մոտեցումներ, բանակցություններն ընթանում են ոչ լիարժեք ձևաչափով, հետևաբար հիմնական շեշտը դրվում է կայության և խաղաղության պահպանման վրա»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Հարցին, թե ընդամենը վերջին օրերին տեղի ունեցած հրաձգությունն արդյո՞ք կարելի է խաղաղություն համարել, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Հարաբերական խաղաղություն: Իմ կարծիքով նման հանդիպումների ժամանակ պետք է նաև ա՛յդ հարցերը քննարկվեն, քանի որ Ադրբեջանի պահվածքը վերջերս դարձել է ավելի լկտի: Նա արդեն բացեիբաց կրակում է քաղաքացիական բնակչության վրա, միտումնավոր կրակ է բացում քաղաքացիական օբյեկտների, մեքենաների և շինությունների վրա»:
ԼՂՀ նախագահի մամլո խոսնակը կարծում է, որ նախագահները պետք է այսպիսի պահվածքին ադեկվատ պատասխան տան, նրանց կողմից պետք է ադեկվատ քայլեր ձեռնարկվեն:
«Եթե չի ձեռնարկվում, Ադրբեջանը փորձում է ավելի պրովոկացիոն քայլերի դիմել: Ճիշտ է, դա չի՛ նշանակում, որ նա պատերազմ է սկսելու, քանի որ եթե անգամ մի տոկոս վստահություն ունենար, որ կարող է հաղթել մեզ, անպայման կսկսեր այդ պատերազմը: Ալիևյան վարչակազմը հասկանում է, որ ռազմական ձևով չի կարող հարցը կարգավորել, հետևաբար, սեփական ժողովրդի աչքին արդարանալու համար փորձում է նման ապակայունացման միջոցներով պահպանել իր վարկանիշը»,-ընդգծեց Դավիթ Բաբայանը՝ ավելացնելով. «ԼՂՀ քաղաքական վերնախավի ակնկալիքները միշտ էլ զուսպ են և համեստ, հասկանում ենք, որ հիմնական շեշտը դրվելու է կայունության և խաղաղության պահպանման վրա: Կախարդական փայտիկի գործոն այստեղ չի կարող լինել»:










