Երևանցիները տրանսպորտի սակագնի բարձրացման մասին, կամ «утром деньги, вечером стулья»
Հասարակական տրանսպորտի սակագնի հնարավոր բարձրացման հարցը շարունակում է մնալ երևանցիներին առավել շատ հետաքրքրող հիմնախնդիրներից մեկը:
Tert.am-ի պատվերով ԲԱՐՈՄԵՏՐ հետազոտավերլուծական թիմը Երևանում անցկացված սոցիոլոգիական հարցման շրջանակներում հատուկ անդրադարձ կատարեց նշված խնդրի վերաբերյալ մեր հասարակության մեջ առկա մտահոգություններին:
Նախ, ԲԱՐՈՄԵՏՐ-ը փորձեց պարզել, թե հանրային տրանսպորտի սակագնի սպասվող բարձրացումը որքանով կանդրադառնա երևանցիների ընտանեկան բյուջեի վրա:
Ինչպես երևում է գրաֆիկ 1-ից, հարցվողների ճնշող մեծամասնության համար տրանսպորտի գնի փոփոխությունը նշանակալիորեն (67% ` էականորեն, և 23%` որոշ չափով) կազդի նրանց ընտանեկան բյուջեի վրա: Այս պատկերը, սկզբունքորեն սպասելի էր, քանի որ հասարակական տրանսպորտից հիմնականում օգտվում են ոչ բարձր եկամուտներ ունեցող ընտանիքների անդամները:
Պատկերացնենք չորս անդամներից կազմված հայկական ընտանիք, ովքեր ամեն օր օգտվում են հասարակական տրանսպորտից. ամենամեղմ հաշվարկներով անգամ ստացվում է, որ այս պարագայում կոնկրետ տնային տնտեսության վրա միջինում հավելյալ 10.000 դրամի ֆինանսական բեռ է ավելանալու: Եթե այս ամենին ավելացնենք նաև գազի, էլեկտրաէներգիայի և առաջին անհրաժեշտության ապրանքների նախորդ տարվա համեմատությամբ 10-15%–ի գնաճը, ապա պատկերն առավել ամբողջական է դառնում: Սա այն պայմաններում, որ աշխատավարձների և թոշակների հիմնական բարձրացումը ակնկալվում է հաջորդ տարվա հուլիսին:
Գրաֆիկ 1

Այնուհետ ԲԱՐՈՄԵՏՐ-ը երևանցիներին առաջարկվեց ընտրություն կատարել երկու հակադիր մոտեցումների միջև (գրաֆիկ 2).
Գրաֆիկ 2

Հարցվողները բավականին հաստատակամ գտնվեցին առաջադրված դիլեմայի լուծման առումով: Նրանք (ավելի քան 80%-ը), ըստ էության, նախապատվությունը տալիս են ներկա գնի պահպանմանը, եթե նույնիսկ հարկադրված են լինելու երթևեկել մաշված և անորակ տրանսպորտային միջոցներով: Այստեղ արձանագրված միտումներն ուղիղ համեմատական են նախորդ հարցի պատասխաններին, որն ինքնին վկայում է տվյալ խնդրի բացառապես սոցիալական ուղղվածության մասին:
Մյուս կողմից անվտանգ և հարմարավետ երթևեկության մասին Երևանի քաղաքապետարանի տարբեր տրամաչափի պաշտոնյաների, տրանսպորտային փոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների խոստումները բավականաչափ արժանահավատ չեն, քանի որ մարդիկ ավելի հակված են իրենց տեսածով առաջնորդվել: Ինչպես հայտնի ֆիլմում էր ասվում «утром деньги, вечером стулья»: Այս հանգամանքը, բնականաբար, նույնպես որոշակիորեն ազդել է հարցվողների կարծիքների վրա:
Նման պատկերը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ այս հարցով որոշումներ կայացնողները ստեղծված իրավիճակում պետք է փորձեն առաջնորդվել ոչ միայն ուղևորափոխադրողների շահերով և մայրաքաղաքում անվտանգ ու որակյալ տրանսպորտային երթևեկություն ապահովելու հրամայականով, այլ երևանցիների կենսական սոցիալական խնդիրներով: Առանց այս երկու հարցերի ներդաշնակման հնարավոր չի լինի ակնկալել երևանցիների լոյալ վերաբերմունքը տրանսպորտի հետ կապված խնդիրների լուծմանն ուղղված որոշումների կայացման հարցում:










